«Ուլիսի» հաջող ստուգարքը
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության բրոնզե մեդալակիր Երեւանի «Ուլիս» ֆուտբոլային ակումբն ավարտեց Վրաստանի Ուռեկիում նախատեսած ուսումնամարզական հավաքը:
Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը, թիմն ուսումնամարզական հավաքի վերջին օրը մրցել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Բայայի» հետ:
«Հանդիպման հաշիվը բացել են վրացի ֆուտբոլիստները, բայց արդեն առաջին խաղակեսում Դավիթ Գիրիգորյանը վերականգնել է հավասարակշռությունը, իսկ ընդմիջումից հետո աչքի են ընկել Արտակ Գրիգորյանը, Կրասովսկին եւ Արա Հակոբյանը»,-ասաց Գագիկ Գալստյանը:
Այսօր թիմը կժամանի Թբիլիսի, որտեղ վաղը ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի ամենատիտղոսակիր թիմի` «Դինամոյի» հետ:
Մարտին «Ուլիսը» կշարունակի նախապատրաստվել Հայաստանում, սակայն առանց գլխավոր մարզչի եւ օգնականի: Բանն այն է, որ մեր բարձրագույն խմբի թիմերի մարզիչների մեծ մասը մեկնելու են Դոնեցկ, որտեղ մասնակցելու են «Ա» կարգի արտոնագիր տվող մարզչական հերթական դասընթացին: Մինչեւ գավաթի խաղարկության մեկնարկը ուլիսցիները նախատեսել են անցկացնել մեկ ստուգողական հանդիպում: