Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը և դիմում են ապօրինությունների․ Երեւանի քաղաքապետարան

Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել արտակարգ դրության պայմաններում համայնքի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող քաղաքապետի տեղակալները:

 Ըստ քաղաքապետարանի մամլո հաղորդագրության՝ այս օրերին որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը և դիմում են ապօրինությունների: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ապօրինի շինարարությունները անմիջապես կասեցնել:

Զեկուցվել է, որ Երևանի առողջապահական հիմնարկներում աշխատանքն արտակարգ ռեժիմով է կազմակերպվում: Համայնքային պոլիկլինիկաները հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Ամեն օր համայնքային շուրջ 70 ավտոբուս 3-անգամյա ռեժիմով աշխատանքի է հասցնում ավելի քան 1800 բուժաշխատողի:

Բացի այդ  միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն: