«Մեր մասնագետները պարզապես չեն առաջադիմում»
Աջակցիր «Ա1+»-ինԷդուարդ Մարգարովը միայն մեկ պայմանով է համաձայն արտասահմանցի մարզչի ներկայությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեր ազգային թիմի նոր գլխավոր մարզչին նշանակելիս հաշվի է առել նախկին ֆուտբոլիստ Էդուարդ Մարգարովի խորհուրդը, որը գտնում է, որ մեր ընտրանին պետք է գլխավորի տեղացի մասնագետ:
Իսկ ինչո՞վ է հիմնավորում իր տեսակետը Էդուարդ Մարգարովը: Այդ հարցով «Ա1+»-ի մարզական թղթակիցը դիմեց անվանի հարձակվողին:
«Հայաստանի հավաքականը գլխավորած արտասահմանցի մասնագետներից ոչ մեկը ոչնչով չօգնեց եւ ոչինչ չտվեց մեր ֆուտբոլին: Երկրորդ` մեր եւ նրանց հոգեբանությունները իրարից շատ են տարբերվում: Երրորդ, արտասահմանցիներից մի քանիսը հիմնակաում ապրում էին իրենց երկրում եւ միայն հավաքականի խաղերից առաջ էին գալիս Հայաստան: Բայց չէ որ հավաքականի մարզչի պարտականությունների մեջ է մտնում տվյալ երկրի առաջնությունների խաղերի դիտումը, որպեսզի նա նոր խաղացողներ փնտրի, դիտի հավաքականի անդամների խաղը եւ կատարի համապատասխան հետեւություններ»,- ասաց նա:
Էդուարդ Մարգարովը գտնում է, որ մենք ունենք երիտասարդ հեռանկարային մարզիչներ, բայց նրանց հարկավոր է մշտապես ուսուցանել. «Մեր մարզիչներին հարկավոր է անընդհատ գործուղել եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրներ` դասընթացների, որպեսզի նրանք մշտապես կատարելագործվեն, նոր գիտելիքներ ձեռք բերեն: Այժմ մեր մասնագետները պարզապես կանգ են առել մի մակարդակի վրա եւ չեն առաջադիմում»:
Վետերանը, այնուամենայնիվ, համաձայն է հավաքական հրավիրել արտասահմանցի մասնագետի, եթե ... «Եթե մեր հնարավորությունները թույլ տան հավաքական հրավիրել բավական բարձրակարգ եւ հայտնի մարզչի, ապա ես երկու ձեռքով կողմ կլինեմ: Միայն նման մակարդակի մասնագետներից հետ աշխատելիս կամ շփվելիս մեր երիտասարդ մարզիչները կարող են շատ բան քաղել եւ սովորել»: