Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ Հասարակություն

Տիեզերքն ու ֆիլատելիստները․ ճամփորդություն՝ նամականիշների օգնությամբ

 Կորոնավիրուսի օրերին կարող ես ճամփորդել, եթե  սիրահարված ես․․․ ֆիլատելիային։  Սա բոլորովին այլ աշխարհ է, եւ, ինչպես ասում են,  սեր է ամբողջ կյանքի համար։ Եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառով դադարում ես  զբաղվել ֆիլատելիայով, այն քեզ  օգնում է սավառնել տարբեր «աշխարհներում» այնպիսի իրավիճակներում, ինչպիսին օրինակ՝ ներկայումս է ։

Իսկ այդ «աշխարհները» տարբեր են՝ նկարչությունից մինչեւ տիեզերագնացություն։   Ֆիլատելիստների համար այնքան կարեւոր չէ՝ որ երկրում է ստեղծվել, այլ ինչ թեմայով է նամականիշը։

Մի քանի  օր առաջ՝ ապրիլի  12-ին, նշվում էր  Տիեզերագնացության ու ավիացիայի օրը։ Խորհրդային Միությունում ֆիլատելիայում  ամենատարածված  թեմաներից մեկը  հենց  տիեզերքն ու տիզերագնացությունն էր: Այն հատկապես մեծ թափ հավաքեց անցած դարի 70-80-ականներին, երբ ԽՍՀՄ-ը սկսեց մեկը մյուսի հետևից միջազգային անձնակազմեր ուղարկել տիեզերք: Դրան զուգահեռ սկսեցին տարբեր անեկդոտներ հյուսվել։

Ասում են՝ երբ առաջին վիետնամցի տիեզերագնացը վերադառնում է հայրենիք, նրա մատները լրիվ կապտած են լինում: Հարցին՝ ինչ է պատահել, նա ասում է. «Տիեզերանավում հենց ուզում էի մի բանի ձեռք տալ, խորհրդային տիեզերագնացը քանոնով մատներիս էր հարվածում »:

Խորհրդային Միությունում ֆիլատելիան բավականին մեծ տարածում ուներ: 1985թ տվյալներով՝ Ֆիլատելիստների համամիութենական ընկերության անդամների թիվը կազմել է 406 հազար մարդ: Նրանք պետք է ամենամյա անդամավճարներ մուծեին, որպեսզի կարողանային գնել մաքուր, չմարված նամականիշներ: Դրանք վաճառվում էին իրենց ինքնարժեքով, իսկ մարված նամականիշները մի քանի անգամ էժան էին, բայց արդեն մեծ արժեք չէին ներկայացնում պրոֆեսիոնալ ֆիլատելիստների համար:

Խորհրդային Հայատանում  գործել են ֆիլատելիստական  տարբեր ակումբներ և խմբակներ, սակայն դրանցից ամենագլխավորը գտնվում էր Լենինի պողոտայի (ներկայիս Մաշտոցի պողոտա - հեղ.) վրա գտնվող ֆիլատելիստական խանութի հետնամասում: Մի խանութ էլ կար Թումանյան փողոցում:

Ընկերության անդամները պետք է գրանցվեին դրանցից որևէ մեկում, որպեսզի հազվագյուտ համարվող նամականիշները երկու օրինակից ավելի չգնեին: Դրանք հիմնականում համարակալված և հատուկ թողարկված նամականիշներն էին:

ՖՀԸ անդամները նաև կարող էին ձեռք բերել սոցիալիստական ճամբարի երկրներից ստացվող նամականիշները:

Հայաստանի անկախացումից հետո անկախացավ նաև ֆիլատելիան: Հայաստանը սկսեց թողարկել սեփական նամականիշները: Առաջինը լույս է տեսել հենց 1992 թվականին: Սակայն մշակույթի այս տարատեսակը մեծ տարածում չգտավ մեր հանրապետությունում: Փակվեցին ակումբները, վերը նշված խանութները փոխեցին իրենց ուղղվածությունը: Ճիշտ է, Մաշտոցի պողոտայի վրա գտնվող ակումբը դեռ գործում է, բայց ֆիլատելիստների թիվը տարեց-տարի նվազում է: Ինչ վերաբերում է նամականիշների վաճառքին, ապա դրանք կարելի է ձեռք բերել փոստային բաժանմունքներում: Միակ մասնագիտացված խանութը գտնվում է համար 10 փոստատանը:

Ավաղ, Հայաստանը դեռևս արտասահմանյան երկրներում է թողարկում իր նամականիշները, ինչի պատճառով մեծանում են ծախսերը, բարձրանում ինքնարժեքը, սահմանափակում քանակը:

 Ի դեպ, աշխարհում առաջին նամականիշը կոչվում է «սեւ պենի», քանի որ այն տպագրվել է  սեւ ներկով եւ արժեր մեկ պենի:  Հիմա այն ամենաթանկ նամականիշն է ֆիլատելիստների համար: