«Փյունիկը» կմեկնի Իտալիա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» նախապատրաստվելով նոր մրցաշրջանին, մարտի 5-17-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Իտալիայում:
Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը, թիմը կհանգրվանի Նորչիա փոքրիկ քաղաքում. «Իտալիայում մենք կանցկացնենք երեք ստուգողական խաղ: Ի տարբերություն նախորդ երկու հավաքների, այս անգամ ավելի ուժեղ մրցակիցների հետ կհանդիպենք: Դրանք հնարավորություն կտան պարզելու թիմի թույլ կողմերը»:
Այդ խաղերին «Փյունիկը» պատրաստվում է երեք նոր ֆուտբոլիստ փորձարկել: «Բելառուսցի դարպասապահ Արթուր Լեսկոն այժմ գտնվում է Երեւանում եւ մարզվում թիմի հետ: Մյուս երկու նորեկները, որոնց ցանկանում ենք փորձարկել, կժամանեն Ֆրանսիայից: Նրանցից մեկը պաշտպան է, մյուսը հարձակվող»,-ասաց նա:
Հարկ է նշել, որ «Փյունիկի» ֆուտբոլիստների մեծ մասը, ովքեր Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների կազմում են, Թուրքիայում եւ Իռլանդիայում են , որտեղ մեր թիմերը նախապատրաստվում են իրենց առաջիկա պաշտոնական հանդիպումներին: Այդ խաղերից հետո փյունիկցիներն անմիջապես կմեկնեն Իտալիա: