Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2010 թ կսկսենք «Աթաթյուրքի» մարզադաշտում

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը, նախապատրաստվելով մարտի 3-ին Բելառուսի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը, այսօր իր վերջին մարզումն անցկացրեց Անթալիա մեկնելուց առաջ:

Մեր ֆուտբոլիստները 16:45-ին ավտոբուսով ժամանեցին «Փյունիկի» մարզադպրոց, իսկ ուղիղ 17:00-ին սկսեցին պարապմունքը: Մարզմանը մասնակցեցին 16 ֆուտբոլիստ: Նախնական տվյալներով` երեւանյան ուսումնամարզական հավաքին պետք է մասնակցեին 17 խաղացող, սակայն չի ժամանել Արտակ Ալեքսանյանը (նա միանգամից կժամանի Անթալիա): Իսկ ահա մեր իրանյան լեգեոնը` Գեւորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը եւ Լեւոն Փաչաջյանը, ինչպես նաեւ Հոլանդիայում հանդես եկող Էդգար Մանուչարյանը, ներկայումս գտնվում են Հայաստանում եւ տեղի թիմերի ֆուտբոլիստների հետ հավասար պատրաստվում առաջիկա հանդիպմանը:

Ի դեպ, երեք օր առաջ խոսք էր գնում այն մասին, որ Գեւորգ Կասպարովը վնասվածքի պատճառով գլխապտույտներ ունի եւ հնարավոր է` չմասնակցի հավաքին: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասաց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Ավելին, Անթալիայում հավաքականին կմիանան ոչ թե 4, այլ ... 6 խաղացող: Բանն այն է, որ Մինասյանի հրավերը ընդունել են նաեւ Քարամյան եղբայրները, որոնք նախնական տվյալներով իրենց նոր ակումբի` Բուխարեստի «Ստյաուայի» ղեկավարների ճնշման տակ հրաժարվել էին մասնակցել ընկերական խաղին:

Բայց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն անցած ուրբաթ իր մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ եթե Քարամյան եղբայրները չմասնակցեն Բելառուսի հետ խաղին, ապա այլեւս չեն հրավիրվի ազգային թիմ: Ինչպես երեւում է, վերջնագիրը դրականորեն է ազդել ֆուտբոլիստների վրա:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը խոսելով Բելառուսի ընտրանու հետ ընկրական խաղի մասին ասաց, որ այն շատ կարեւոր է եւ մարզական, եւ հոգեբանական առումով:
«Հանդիպումը չնայած ընկերական է, բայց միավորներ է տալիս թիմի վարկանիշը բարձրացնելու համար: Սա այս տարվա մեր առաջին խաղն է, ուստի կաշխատենք դրական արդյունքի հասնել: Ցանկացած հաղթանակը, ինքնին, դրականորեն է ազդում խաղացողների հոգեբանության վրա, եւ նրանք ավելի վստահ եւ ոգեւորված են սկսում խաղալ: Այս խաղին կաշխատենք նաեւ հղկել թիմի խաղային ոճը, այն ավելի բազմազան դարձնել եւ այլն»,-ասաց նա:

Նշենք, որ մեր ընտրանին Թուրքիա կմեկնի վաղը առավոտյան, կհանգրվանի Բելեկում, իսկ հանդիպումը կանցկացնի Անթալիայի «Աթաթյուրք» մարզադաշտում: