Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելառուսի հավաքականն արդեն Թուրքիայում է

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը` Բելառուսի ազգային թիմը, երեկ մեկնեց Թուրքիա եւ սկսեց պատրաստվել մեր ընտրանու հետ նախատեսված ընկերական հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 3-ին, Անթալիայում:

Բելառուսցիների գլխավոր մարզիչ, գերմանացի մասնագետ Բեռնդ Շտանգեի հետ Մինսկից Անթալիա մեկնեցին միայն չորս խաղացողներ` հարձակվող Վյաչեսլավ Գլեբը եւ երեք նորեկներ: Մնացածը նրանց կմիանան այսօր, քանի որ հավաքականի թեկնածուները ներկայումս իրենց թիմերի կազմերում ուսումնամարզական հավաքներ են անցկացնում տարբեր երկրներում:

Բեռնդ Շտանգեն հավաքին հրավիրել է բոլոր առաջատար ֆուտբոլիստներին, այդ թվում վնասվածք ստացած Վիտալի Կուտուզովին: Բանն այն է, որ Բելառուսի հավաքականը պատրաստվում է ընտրել թիմի նոր ավագին, քանի որ Ալեքսանդր Գլեբը հրաժարվել է այդ պարտականությունից:

«Ավագի ընտրությունն անչափ կարեւոր եւ պատասխանատու գործընթաց է: Ֆուտբոլիստները պետք է ընտրեն իրենց առաջատարին, ում նրանք վստահում են, եւ որը կարող է թիմին տանել իր ետեւից»,-ասել է նա:

Մեր մրցակիցն իր նոր ավագին կընտրի մարտի 2-ին, փակ-գաղտնի քվեարկությամբ: Ֆուտբոլիստները առանձին թղթերի վրա պետք է նշեն երեք թեկնածուների անունները: Թիմի ավագ կընտրվի նա, ով շատ ձայներ կհավաքի: Սակայն բելառուսական լրատվամիջոցները չեն հայտնում, թե ինչ լեզվով են նրանք գրելու` ռուսերեն, բելառուսերեն, թե ... գերմաներեն: