Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մայրապետյանը՝ խաղից դուրս․ Կառավարությունը կփոխի՞ իրացման գոտու վերաբերյալ որոշումը

Երևանի կենտրոնում բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված Պուշկին, Տերյան, Եզ.Կողբացու եւ  Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքն առաջարկվում է այլևս  չիրացնել և պահպանել։  Այս մասին տեղեկացրեց  փաստաբան  Նելլի Պապյանը՝ հիմք ընդունելով  Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նունե Պետրոսյանի իրենց դիմումին  պատասխանը։

Ըստ կոմիտեի նախագահ Նունե Պետրոսյանի՝  դեռեւս մարտի 10-ին  տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվել են այս տարածքին վերաբերող  հարցերը։ Հանձնաժողովը, ի դեպ,  ստեղծվել է ՀՀ վարչապետի 2019թ դեկտեմբերի 9-ի 1833 Ա որոշմամբ  բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից  2006-2018թթ ընդունված որոշումների հետագա ընթացքը քննարկելու եւ առաջարկություններ ներկայացնելու նպատակով։

Հանձնաժողովը  ՀՀ կառավարության առաջարկել է Երեւան քաղաքի Պուշկին, Տերյան, Եզ․ Կողբացու եւ Հին Երեւանցու  փողոցներով պարփակված տարածքում պահպանել դեռեւս չիրացված շենքը, գույքագրել, բանակցել արտաքին տեսքի պահպանման տարբերակների շուրջ։  Բայց թե որ շենքի մասին է խոսքը՝  պատասխանում կոնկրետ նշված  չէ։

 Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ  2013թ  օգոստոսին։

Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը համարվել է տարածքի ձեռքբերող։  Գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող այս  տարածքում պետք է  բազմաֆունկցիոնալ կառուցապատում իրականացվեր։

Պուշկին փողոցում գտնվող  «Դոլմամա» ռեստորանի տնօրեն  Ժիրայր Ավանյանը,որը տարիներ շարունակ պայքարում էր,ո ր շենքը չքանդվի, այսօր ֆեյսբուքում գրառում է արել։

«Ռեյդրային նախագիծի որ կոչվում էր (հասարակության կարիքների համար) այլևս ուժի մեջ չի լինելու և անձնական սեփականությունը քաղաքի կենտրոնում գոնե չի խլվելու դատարանի աջակցությամբ։ Իմ երազանքը՝ կապված Պուշկին փողոցի,Աբովյան- Սախարով հատվածի հետ, պահպանվելու է և հնարավոր կլինի այն վերականգնել»,- տեղեկացրել է  գործարարը,որը  տարիներ շարունակ այս հարցով դատական գործընթացների մեջ է։

Ի դեպ,  միջգերատեսչական հանձնաժողովն  առաջարկել է «դատարան ներկայացված հայցի մասով իրականացնել իրավական կարգավորման գործընթաց»։ 

Մնացածը կորոշի Գործադիր մարմինը, բայց այն որ արդեն նման առաջարկ կա,  փաստաբան Նելլի Պապյանն արդեն փոքրիկ հաղթանակ է համարում, ինչը, նրա բառերով, տարածքի վերաբերյալ որոշում կայացրած նախորդ կառավարության օրոք, ակնկալել անգամ հնարավոր չէր։

Ավելացնենք, որ Նելլի Պապյանն  իր գործընկերներ փաստաբանների հետ արդեն մի քանի տարի է՝  պաշտպանում է այս գոտում հայտնված տների սեփականատերերի շահերը։