Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Նազարյանը առաջինն է

Սպորտ

Հայաստանի ձյուդոիստ Արմեն Նազարյանը հաջող հանդես եկավ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող աշխարհի գավաթի հերթական փուլում եւ 66 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց:

Մեր մարզիկը եզրափակիչ տանող ճանապարհին հերթով հաղթեց կիպրոսցի Սոտիրիս Խարալամբուսին, իտալացի Ֆրանչեսկո Ֆարալդոյին, ղազախ Դաստան Իկիբաեւին, ֆրանսիացիներ Մաքսիմ Լե Գոանվիշին եւ Դավիդ Չուկեւիչին: Եզրափակիչում նրա մրցակիցն էր վերջիններիս հայրենակից Ֆլորան Ուրանին: Արմեն Նազարյանը հաղթելով ֆրանսիացի երրորդ ձյուդոիստին, գրավեց առաջին տեղը եւ նվաճեց ոսկե մեդալ:

Այս քաշային կարգում մեր մյուս մարզիկը` Համբարձում Տոնոյանը, արդեն առաջին մրցամարտում պարտվեց լեհ ձյուդոիստ Պավել Զագրոդնիկին եւ դուրս մնաց պայքարից:

73 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Բաղդասարյանը հաղթահարեց առաջին երկու փուլերը` պարտության մատնելով համապատասխանաբար ուկրաինացի Արտյոմ Վասիլենկոյին եւ Թուրքիայի ներկայացուցիչ Թանջու Սորլիին: Ավաղ, 1/8 եզրափակիչում նա զիճեց գերմանացի Քրիստոֆեր Վոլեկին, որն էլ իր հերթին պարտվեց ֆրանսիացի Ռոնալդ Ալժերին: Այդպիսով, Արտյոմ Բաղդասարյանը նույնիսկ սփոփանքի մարտեր անցկացնելու հնարավորություն չստացավ:

Այսօր պայքարի մեջ կմտնի մեր չորրորդ ներկայացուցիչը` Հակոբ Առաքելյանը, որը հանդես կգա 100 կգ քաշայինների մրցաշարում: