Բացել լրահոսը Փակել լրահոսը
20885e6ffe5215af1_5e6ffe521278a
A A
Հասարակություն

Խստացված սահմանափակումները կշարունակվե՞ն

Պարետատունը մարտի 31-ին երկարացրեց արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները՝ մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նման որոշում կայացնելու պատճառը կորոնավիրուսով վարակվածների թվի աճն էր։ Նշենք, որ մինչ այդ էլ պարետատան որոշմամբ՝ մարտի 24-ից մինչև 31-ը մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքն էր սահմանափակվել։

Համաձայն Առողջապահության նախարարության տվյալների՝ վերջին օրերին կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը նվազել է։ Թե ի՞նչ որոշում է կայացնելու Կառավարությունը՝ խստացված սահմանափակումները կշարունակվե՞ն, թե՞ ոչ, «Ա1+»-ը փորձեց պարզել պարետատնից։

«Այս պահին նման որոշում չկա: Խստացված ռեժիմի ժամկետը լրանում է ապրիլի 12-ին 23.59-ին: Հետագա որոշման մասին պաշտոնապես կտեղեկացնենք»,- ասաց պարետատան մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Ապրիլի 12-ին Հայաստանում նշվելու է Սուրբ Զատիկը։ Սա նշանակում է, որ մարդիկ եկեղեցի գնալ չեն կարող։ Հիշեցնենք, որ Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ Պատարագներն շարունակվում են անցկացվել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է հավատացյալներին պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո, և, առավելագույն պատասխանատվությամբ պահպանելով ինքնամեկուսացման սահմանված կանոնները, հաջորդող օրերին առանձնաբար այցելել եկեղեցիներ և հոգևոր հովիվներից ստանալ Սուրբ Հաղորդություն։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարվել, որը կավարտվի ապրիլի 14-ին։