Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

« Մարտի 1-ին կազմակերպված հեղաշրջում էր»

Հարցազրույց

       Երկու օրից լրանում է մարտյան ողբերգության երկու տարին: 2008թ. գարնան առաջին օրը Երեւանում սպանվեց Հայաստանի 10 քաղաքացի: Առ այսօր ոչ միայն չեն բացահայտվել սպանությունները, այլեւ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:  Առաջին նախագահ  Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից շատերը դատապարտվել են, մի մասը ազատվել է համաներմամբ, մյուս մասը դեռ բանտերում է: Նրանցից մեկն էլ ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն է, ով 2008թ մարտիմեկյան դեպքերից հետո դատապարտվել է 5 տարվա ազատազրկման' իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Նրա նկատմամբ համաներում չկիրառվեց, քանի որ առաջադրվել էր նաեւ դանակ, այսինքն' սառը զենք կրելու մեղադրանք:

 «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մուշեղ Սաղաթելյանը գրավոր պատասխանել է «Ա1+»-ի մի քանի հարցերի:

-         Անազատությունը ինչ -որ կերպ ազդե՞լ է Ձեր կամքի վրա:

-         Իմ մեջ կա գաղափար, որը անկոտրում է, անփոփոխ. ուզում է 25 տարի էլ այստեղ նստեմ, մեկ է'մնալու եմ նույն գաղափարին, այստեղից էլ իմ խոսքը ասելու եմ: Դա էլ, ինձ թվում է, պայքարի ձեւ է: Ի՞նչ տարբերություն, եթե ես չորս պատերի մեջ եմ, դուք' դղյակում: Ձեզ էլ են բռնանում, ձեզ էլ են հետապնդում, ոտնահարում ձեր իրավունքները: Սա հացադուլի անելու պես է: Իշխանությունները մտածում են' բռնենք, նստեցնենք, կարող է վախենա, բայց չեն մտածում, որ հակառակն է:

-Փետրվարի 16-ին կայացած ԵԿՄ համագումարում Ձեզ վերստին չընտրեցին վարչության անդամ:  Ինչպե՞ս կգնահատեք:

-Երկրապահ եղել եմ, կամ ու մնում եմ: Երկրապահը  երկրում քաղաքական, հասարակական գործընթացների փուլի միջին մասնիկն է, որ ինքն իրեն ակտիվ է կարողանում պահել անօրեն երկրում: Նորմալ եմ գնահատում, սակայն հույս էլ չեմ կապում նրա հետ: Մեր երկիրը ավելի խորը խրված վտանգի մեջ է, քան երկրապահում կատարվող ինչ-որ քաղաքական կամ հասարակական երեւույթներ: Ավելի շուտ թեթեւ եմ նայում:

        -  Ինչպե՞ս եք  գնահատում քաղաքական զարգացումները:

           -Այս իշխանությունները իրենց կեղծ,գոռոզ հպարտության պատճառով հրաժարվում են խելոք մարդու խորհրդից: Կորցրել են իրենց օբյեկտիվության չափը: Չեն հասկանում, որ չի կարելի իշխանությունը պահելու հաշվին ընդհանուր երկրին, մարդությանը վնաս պատճառել: Քաջություն չունեն, ծիծաղելի սխալներ են թույլ տալիս զուտ նրա համար, որ խորհուրդներ չեն հարցնում, չեն շփվում հասարակության հետ, թե նա ինչ կարծիքի է: Կարծրատիպը դարձել է ուռուցք, իսկ դրա շուրջ գտնվող կառավարիչներին պետք չէ ոչինչ: Գիտակցություն չկա նրանց մոտ. ապրում են' մտածելով, թե դրանով ավելի են պաշտպանում իրենց շեֆին, մոռանալով, որ ընդհանուրին են վնասում:

-Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր հետագա գործունեությունը Հայաստանում:

 -Ինչպես որ եղել է: Ինչ վերաբերվում է անարդարությանը, ես ուղիղ ասելու եմ, պայքարելու եմ:

 -Համաժողովրդական նոր ալիքի բռնկում կանխազգո՞ւմ եք: 

 -Նոր ալիքի' այո, որովհետեւ հասունանում է: Երբ ազգային հարցերի պարագայում մարդկանց անընդհատ  խաբում են, անպայման ալիք կբարձրանա:

-Արդեն երկրորդ անգամ է, որ ճաղերի հետեւում եք: Նմանություններ տեսնո՞ւմ եք հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի միջեւ:

 -Նույն ապօրինի երկիրն է, նույն օրենքներով, նույն անմարդկային: Ֆեոդալիզմ է. օրենքները չեն գործում, գործում է անձի օրենքը:

-Դուք կարծո՞ւմ եք, որ հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի  կազմակերպիչները նույն  անձերն են:

 -Դուք ինձանից լավ գիտեք: 10 տարի առաջ ասում էի, քննիչին էլ էի ասում, որ ինձ քննեք, հարց տվեք, այն ժամանակ այդ հարցը չտվեցին: Հեռուստատեսությամբ եւ թերթով գրեցի իրականությունը' ինչ է եղել: 2002թ-ին, իմ դատական  վերջին ճառի ժամանակ բոլորը սպասում էին, թե ինչ եմ ասելու:  Չասացի, որովհետեւ տեսա, թե ինչպես բոլորը, բացի մի քանի լրագրողներից լռեցին: Երբ միասին սեղանին էինք նստում, բոլորը ավելի բարձ ձայնով էին ասում ու հայհոյում, բայց  երբ ես փորձեցի իրավական դաշտ բերել եւ ապացուցել, բոլորը հետ քաշվեցին: Մնացի մենակ: Ինչ պատահում է մեկի հետ, պատահում է բոլորի հետ: Հոկտեմբերի 27-ի հետ կապված ուղղակի լռում եմ' ոչ թե վախենալով կամ թաքցնելով, այլ որովհետեւ հիմա դրանից ավելի ահավոր վտանգի մեջ ենք խրված  ազգովի: Չար ու անհոգի կառավարիչները ժողովրդին տանում են ավելի վտանգավոր վիճակի. մեկ էլ տեսար անկախությունն էլ կորցնենք:

-Ըստ Ձեզ' ո՞ւմ հրահանգով են 2008թ մարտի 1-ին  ոստիկանները կրակել  խաղաղ ցուցարարների վրա:

 -Քթի ծակ ունեցող մարդը կհասկանա: Մինչեւ չլինի երկրում գերագույն գլխավոր հրամանատարի հրամանն ու հրահանգը, չէին կրակի: Պարզ է, որ դա պետության կողմից կազմակերպված հեղաշրջում էր, իշխանության զավթում էր: Բանակի միջոցով զավթեցին' առանց հաշվի առնելու ժողովրդի խոսքն ու պայքարի իրավունքը: Սպանեցին ու չեն ուզում պատասխան տալ: Մենք կենդանի էլ չլինենք, Աստծո պատիժը կա ու կլինի:

Զրուցեց Քնարիկ Իսոյանը