Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajkakan futbol
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլային ակումբները կդիմանա՞ն ճգնաժամին

Կորոնավիրուսի համաճարակի  հետևանքով լուրջ ճգնաժամ են ապրում բոլոր սպորտաձևերը, հատկապես՝ ֆուտբոլը:

Ֆուտբոլն, ինչպես  գիտենք,  անվանում են միլիոնների խաղ: Դա վերաբերում է ինչպես մասնակիցների թվին, այնպես էլ ֆուտբոլից ստացվող գումարների քանակին: Զարմանալի չէ, որ այսօր, երբ դադարեցված են բոլոր առաջնություններն ու խաղերը, ֆուտբոլային ակումբները հայտնվել են ֆինանսական ճգնաժամում, քանի որ այլևս չկան եկամուտներ, մինչդեռ   ֆուտբոլիստների, մարզիչների և մյուս աշխատակիցների աշխատավարձերը պետք է կանոնավոր վճարել: Դա են պահանջում աշխատանքային պայմանագրերը:

Արդեն կան ակումբներ, որոնք կորոնավիրուսի պատճառով ճանաչվել են սնանկ և լուծարվել: Մասնավորապես՝ սլովակյան «Ժիլինան», որի կազմում հանդես էր գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը:

Իսկ ի՞նչ է սպասվում Հայաստանի ֆուտբոլային ակումբներին կորոնավիրուսի պայմաններում:

Հաշվի առնելով հանգամանքը, որ մեր ակումբները հիմնականում ֆինանսավորվում են անհատների կողմից, իսկ գումար վաստակելու միակ աղբյուրը եվրոգավաթներին մասնակցելն է, ուստի մեծ մասը կարող են հայտնվել ֆինանսական ճգնաժամի առջև և կանգնել լուծարման եզրին: Այստեղ շատ կարևոր է պարզել, թե ովքեր են մեր ակումբների սեփականատերերը, և արդյոք նրանց բիզնեսը չի տուժել  կորոնավիրուսի պատճառով:

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ֆինանսավորվում է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանի կողմից:  Հնարավոր է՝ նա խնդիրներ չի ունենա ակումբը պահելու հարցում:

Երևանի «Փյունիկի» և «Ուրարտուի» սեփականատերերը նույնպես Ռուսաստանից են.՝ համապատասխանաբար Արթուր Սողոմոնյանն ու Ջևան Չելոյանցը: Նրանք իրենց կարողություններով, ինքնին, զիջում են Սամվել Կարապետյանին, ուստի շատ հնարավոր է որոշակի խնդիրներ ունենան թիմերի ֆինասավորման հարցում:

 Դա կախված է նրանից, թե որքան կտևի կորոնավիրուսի կարանտինը Ռուսաստանում: Համենայնդեպս, Արթուր Սողոմոնյանն արդեն վնասներ է կրել, քանի որ նրա բիզնեսները Հայաստանում ներկայում չեն գործում (ֆիտնես ակումբներ, լողավազան և այլն): Զարմանալի չէ, որ այսօր լուրեր են պտտվում, որ «Փյունիկի» սեփականատերը պատրաստվում է հրաժարվել բարձրագույն ու առաջին խմբի թիմերից և պահել միայն մանկապատանեկան թիմերը:

Գյումրիի «Շիրակը» պետք է որ ֆինանսական խնդիրների առաջ չհայտնվի, քանի որ նրա սեփականատեր Արման Սահակյանը հիմնականում զբաղվում է մեծածախ առևտրով: Իսկ ահա «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի համար դժվար կլինի նույն ծավալով ֆինանսավորել ակումբը, քան որ նրա հիմնական բիզնեսը տուրիզմն է, իսկ տնտեսության այդ ճյուղը բավականին տուժել է կորոնավիրուսից:

Երևանի «Արարատը» 1999 թվականից ֆինանսավորվում է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի և ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանի կողմից: Նրանք միշտ էլ ապահովել են գլխավոր թիմի գործունեության համար անհրաժեշտ ծախսերը, սակայն շատ ներդրումներ չեն արել ենթակառուցվածքներում: Արդյունքում, «Արարատը» դեռևս չունի իր սեփական մարզադպրոցը, մարզադաշտը:

Միակը  Ձորաղբյուրի մարզաբազան է, որի վրա վաղուց աչք են դրել տարբեր չինովնիկներ և գործարարներ:

«Լոռի ՖԱ»-ի սեփականատերը Թովմաս Գրիգորյանն է: Նրա հիմնադրված «Թալգրիգ» ընկերությունը վաղուց սնանկ է ճանաչվել: Մասնավորապես՝ 2019թ ապրիլի 10-ին ընկերության վարկային պարտավորությունների կատարման ապահովման համար հայտարարվել էր գրավադրված, գրավական հանդիսացող անշարժ գույքերի աճուրդ-վաճառք: Մեկնարկային գինը ընդհանուր լոտերի համար կազմել էր 70 488 887 ՀՀ դրամ: Ինչևէ, Թովմաս Գրիգորյան գործարարի կարողության և հնարավորությունների մասին քիչ են տեղեկությունները, ուստի դժվար է ասել, թե ինչպիսին կլինի «Լոռի ՖԱ»-ի ֆինանսական վիճակը ճգնաժամից հետո:

«Գանձասար-Կապանը» ֆինանսավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից: Թե ինչ կորուստներ կկրի հանրապետության հանքարդյունաբերության առաջատարը, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, ակումբը վաղուց բազավորվել է Երևանում և ոչ մի կապ չունի Կապան քաղաքի հետ:

Դժվար է գնահատել Երևանի «Նոայի» հնարավորությունները, քանի որ հայտնի չեն ակումբի կոնկրետ սեփականատերերը և ֆինանսավորման աղբյուրները: Մնում է հուսալ, որը անցած տարվա հուլիսի 26-ին հիմնադրված ակումբը «թիթեռնիկի» կյանք չի ունենա և կշարունակի ելույթները նաև առաջիկա տարիներին:

Հիշեցնենք, որ բարձրագույն խմբում հանդես եկող «Երևանը» ֆինանսական խնդիրների պատճառով լուծարվել է այս տարի և դուրս մնացել առաջնությունից: