Բացել լրահոսը Փակել լրահոսը
received_225759912076748
A A
Հասարակություն

Հարսանիք, իհարկե, լինելու է

Եթե ամեն ինչ ըստ նախատեսվածի ընթանար, ապրիլի 8-ին Արմինեն ու Դավիթը Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցում կպսակադրվեին։ 

«Ես ասում էի Դավիթին արի հունիսին անենք հարսանիքը, ասաց՝ չէ, ապրիլին լավ է։ Դե որ լավ է՝ լավ է»,- ասում է Արմինեն:

Երիտասարդ զույգը նշանադրվել էր նախորդ տարվա  հոկտեմբեր ամսին, որոշել էին՝ գարնանը մեծ հարսանիք էին անելու՝ 200-300 հյուրերով։ Ամեն ինչ մանրակրկիտ մտածել էին, մի բան էին մոռացել, կատակում են՝  համավարակին նախօրոք զգուշացնել։

«Գիտեինք, որ ռեստորան գտնելը հեշտ չէր, ուստի դեկտեմբերին արդեն պայմանավորվել էինք, եկեղեցում նույնպես գրանցվել էինք։ Բայց հենց դրությունը դարձավ արտակարգ, ամենը չեղարկեցինք»,-պատմում է հարսնացուն։

Սկզբում  երկուսն էլ հավասարապես վատ հոգեվիճակում են եղել, բայց հետո Դավիթը ինչ-որ կերպ համակերպվել է. «Բարին էլ ուրեմն սա էր»,- ասում է նա։ Արմինեն էլ, թեև, առաջվա պես ծանր չի տանում, բայց ոչ էլ համակերպվել է կարողանում։

«Չկայացած հարսանիքիս առավոտը մայրս շատ անհանգստացած էր, թե ոնց կարթնանամ, ինչ հոգեվիճակում, բայց տրամադրությունս շատ լավ էր, հատկապես երբ տեսա՝ դրսում ինչ վատ եղանակ է, ու անկեղծ ուրախացա, որ անձրևի տակ չեմ ամուսնանալու»,- ասում է նա։

Հարսանեկան արարողության համար ամեն ինչ արդեն պատրաստ էր. լուսանկարիչները կային, DJ-ի հետ պայմանավորվածությունն ունեին, հարսի շորն էլ վարձված էր: Կանխավճարներ ևս տվել էին, ուստի ֆինանսական կորուստներ նույնպես եղան:

«Մեր DJ-ը հրաժարվեց նախապես վճարած 50 հզր դրամը վերադարձնել, ասաց հետո, երբ անելու լինենք, իրեն էլ հարմարվի՝ կգա, բայց վերադարձնել չի կարող: Զգեստիս էլ նույնչափ կանխավճար էինք տվել, էլի հետ չստացանք: Լավ էր գոնե ռեստորանը ծանոթ էր, գումար չէինք տվել: Ամենաազնիվները լուսանկարիչներն էին, մարդկանց ինչ տվել էինք՝ վերադարձրին»,-ասում է նա:

Զույգի համար ամեն ինչ շատ ծանր չէր լինի, եթե սպասված օրը այդքան մոտ չլիներ. «Էսպես ասում եմ, բայց իրականում ոչ մեկին չեմ ցանկանա նույն բանը: Ես արդեն գտել էի իմ երազանքների սիրուն, սպիտակ շորը, անգամ Դավոյին ցույց չէի տվել. ուզում էի անակնկալ լիներ, իսկ հիմա նույնիսկ չգիտենք՝ հարսանիք կանե՞նք, թե՞ չէ»,-նշում է Արմինեն:

Հարսանեկան ճամփորդություն ևս ծրագրված էր, ուղղությունը՝ Միացյալ Արաբական Էմիրություններ: Տուրիստական ընկերությունը, սակայն, ողջ գումարը վերադարձնելու է: 

Եվ  թեև, զույգը վստահ չէ՝  հետո մեծ հավաքույթ կանի՞, թե՞ ոչ, բայց որ եկեղեցում պսակադրվելու է, դա չի քննարկվում: 

Մյուս հարսնացուն մեր հարցերին պատասխանում է արդեն ամուսնու տանից: Օրացույցում որպես կարևոր օր կարմիրով նշված էր ապրիլի 26-ը: Արտակարգ դրությունը, սակայն, նրանց պլանները հաշվի չառավ: 

23-ամյա Ռոզան և Ապրիլյան պատերազմի մասնակից Մասիս Մուրադյանը արդեն մի քանի օր է՝ միասին են ապրում: Հարսանիքը ոչ կարող էին անել և ոչ էլ հետաձգել. որոշեցին հարսին անաղմուկ, ինչպես ընդունված է ասել՝ սուսուփուս տանել:

«Մասիսն արդեն մի քանի օրից աշխատանքի պիտի գնա, իսկ դրանից հետո 6 ամիս էլ չի կարողանա արձակուրդ ստանալ, դրա համար մտածեցինք, որ սա համեմատաբար լավ տարբերակ է,-ասում է Ռոզան ու ավելացնում,-լավ է գոնե հասցրինք նշանվել»։

Հավաքույթ, իհարկե, երբ վիճակը կայունանա, անելու են, ոչ այն ծավալով, ինչ նախատեսել էին, բայց ընկեր- հարազատներով անպայման կհավաքվեն:

«Հարսանիքին մոտ 500 կամ գուցե ավելի հյուրերի սպասում էինք, Ղարաբաղից ամուսնուս ծառայակից ընկերները պիտի գային, արտասահմանից իմ բարեկամներն էին գալու, քույրս տոմսերը արդեն գնել էր»,- ափսոսանքով պատմում է Ռոզան: 

Հարցը՝ արդյոք չի կարծում՝ բարին էլ գուցե սա էր, մի փոքր վրդովվեցնում է նրան.

«Ինչպես կարող էր սա լինել բարի, մենք տրամադրված էինք, ինչ-որ բաներ անձամբ էի պատրաստել, բանակից եղբորս էինք սպասում: Բայց ես, քանի որ մեծ արարողություններ այնքան էլ չեմ սիրում, ինձ համար Մասիսի նման ծանր չէ, նա իրոք շատ էր սպասում»,-խոսքն ավարտում է Ռոզան:

Իսկ նրա  ձեռքով պատրաստված տարոսիկները, տուփերում շարված, դեռ սպասում են բաժանվելու իրենց հերթին՝ չիմանալով, որ գուցե երկար այդպես էլ մնան: