Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կաշխատենք կայունացնել թիմի խաղը»

Սպորտ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայրենասիրության կոչ է անում ֆուտբոլիստներին:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մտադիր է ամիսը մեկ անցկացնել կարճատեւ ուսումնամարզական հավաքներ (առաջինը նախատեսված է ապրիլի վերջին), որոնց կմասնակցեն միայն տեղի թիմերում հանդես եկող ֆուտբոլիստները:

«Այդ հավաքները ֆուտբոլիստներին հնարավորություն կտան ավելի լավ ճանաչել միմյանց եւ համագործակցել դաշտում: Յուրաքանչյուր հավաքը կավարտենք մեր թիմերից մեկի հետ ստուգողական հանդիպումով»:

Վարդան Մինասյանը գտնում է, որ ազգային թիմում նախեւառաջ հարկավոր է ուժեղացնել ֆուտբոլիստների միջեւ ընթացող մրցակցությունը: «Մենք մտադիր ենք այդ հավաքներին ներգրավել մեծ թվով նոր խաղացողների, որպեսզի մեծանա նույն դիրքում հանդես եկող խաղացողների միջեւ եղած մրցակցությունը: Մի բան է ձեռքի տակ ունենալ ընդամենը 22, այլ` 50 ֆուտբոլիստ: Հաշվի ենք առնելու նաեւ հավաքականի անդամների հայրենասիրությունը: Նրանք, ովքեր մեծ նվիրվածություն չեն դրսեւորի մարզումների եւ խաղերի ժամանակ, չեն հրավիրվի հավաքական»,-ասաց նա:

Գնահատելով Հայաստանի հավաքականի հնարավորությունները Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական փուլում, գլխավոր մարզիչն ասաց. «Ես չեմ սիրում նախապես գուշակություններ անել եւ նշել, թե որ տեղը կզբաղեցնենք: Եվրո-2012-ի ընտրական փուլում կաշխատենք կայունացնել թիմի խաղը, հնարավորին շատ միավորներ վաստակել, որպեսզի բարձր տեղ զբաղեցնենք վարկանիշային աղյուսակում, եւ հաջորդ վիճակահանության ժամանակ ավելի բարձր զամբյուղում ընդգրկվենք»: