Հայրապետյանը կհետեւի խորհրդին
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական ոչ մի խնդիրներ չունի, եւ մենք հավաքականի նոր գլխավոր մարզչին նշանակելիս չենք առաջնորդվել ելնելով ֆեդերացիայի ֆինանսական վիճակից: Մենք Վարդան Մինասյանին այդ պաշտոնում նշանակել ենք հաշվի առնելով բազմաթիվ մասնագետների կարծիքը:
Մասնավորապես, առաջինը Էդուարդ Մարգարովն է խորհուրդ տվել, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչը պետք է լինի տեղացի, այլ ոչ թե արտասահմանցի մասնագետ, - ՀՖՖ նստավայրում կազմակերպված մամուլի ասուլիսին այսպես պարզաբանեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը` Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին նշանակելու իր որոշումը, - Ճիշտ է, ժամանակին ես հայտարարել եմ, որ հանրապետությունում չկան այնպիսի բարձրակարգ մասնագետներ, որոնց կարելի է վստահել հավաքականի ղեկը: Բայց ես չեմ էլ ասել, որ Հայաստանում ընդհանրապես չի հայտնվի նման մասնագետ: Վարդան Մինասյանը անցած տարի իր աշխատանքով ապացուցեց, որ արժանի է զբաղեցնելու այդ պաշտոնը»:
Ռուբեն Հայրապետյանը միանշանակորեն հայտարարեց, որ այսուհետ հավաքական կհրավիրվեն միայն այն ֆուտբոլիստները, ովքեր ավելի բարձր կգնահատեն մեր ազգային թիմի, այլ ոչ թե իրենց ակումբային թիմերի շահերը: «Եթե մեր հավաքականի առաջիկա ուսումնամարզական հավաքին Քարամյան եղբայրները չմասնակցեն, ապա նրանք այլեւս չեն հրավիրվի ազգային թիմ: Նրանք ամեն անգամ մի պատճառաբանություն են բերում ընկերական խաղերին չմասնակցելու համար»:
Ինչպես տեղեկացրեց նախագահը, Բելառուսի հետ խաղից առաջ տարբեր խնդիրներ են առաջացել թիմի մյուս անդամների հետ: Հավաքականի դարպասապահ Գեւորգ Կասպարովը տեղեկացրել է, որ գլխի վնասվածք է ստացել եւ գլխապտույտներ ունի: Իսկ ահա իրանական «Պաս» ակումբի ղեկավարները պարզապես իրենց մոտ են պահում Արթուր Եդիգարյանի անձնագիրը (դա արդեն օրենքի խախտում է), որպեսզի նա չկարողանա գալ Երեւան եւ մասնակցել հավաքականի խաղին: Ռոբերտ Արզումանյանի եւ Հենրիխ Մխիթարյանի ակումբները` դանիական «Ռանդերսն» ու Դոնեցկի «Մետալուրգը», ՀՖՖ-ին խնդրել են նրանց չհրավիրել հավաքական, քանի որ կարեւոր խաղեր ունեն իրենց առաջնություններում: Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանն ընդառաջել է ուկրաինական ակումբին, իսկ ահա դանիականի հարցում` դեռ ոչ: