Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-Xb4J3I1mpK
A A
Հասարակություն

Գողթում այդ մեկ դեպքն է արձանագրվել․ համայնքապետը՝ համագյուղացու մեկուսացման եւ գյուղում տիրող ընդհանուր իրավիճակի մասին

Օրերս հայտնի դարձավ, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի  Պահպանության բաժնի 5 աշխատակցի մոտ կորոնավիորուս է հայտնաբերվել։ 

Մեկուսացվել է նաև Կոտայքի մարզի Գողթ համայնքի մի բնակիչ, որը նույնպես ՔԿՀ-ի աշխատակից է։

«Ա1+»-ը զրուցել է Կոտայքի մարզի Գողթ համայնքի ղեկավար Կարեն Գաբրիելյանի հետ։ 

«Այո, մի աշխատակիցը Գողթից է եղել։ Ընտանիքը տանն է մեկուսացած, ինքնամեկուսացման մեջ են։ Ընտանիքի մոտ ոչ մի խնդիր չկա։ Սկզբունքորեն իր մոտ էլ խնդիր չկա, ուղղակի ընդհանուր որ աշխատակիցներին մեկուսացրել են, իրեն էլ մեկուսացրել են Արտաշատի բուժկենտրոն։ Կարանտին կլինի 14 օր, նորմալ կգա տուն»,- մեզ հետ զրույցում ասաց համայնքապետը։

Հարցին, թե մինչ հայտնաբերումը որևէ հանրային միջոցառման, օրինակ՝ հոգեհանգստի մասնակցե՞լ է, համայնքապետը պատասխանեց, որ ոչ, համայնքում երբ որ հոգեհանգիստ է եղել, միայն տվյալ ընտանիքի անդամներն են մասնակցել։

«Առաջին երկու օրվա մեջ տանն է եղել, ոչ ոքի հետ չի շփվել, անալիզ է հանձնել, դրանից հետո Շտապօգնությունը եկել է, տարել են Արտաշատի ԲԿ։ Շաբաթ օրն են տարել, բժիշկն է զանգել, եկել են հետևից, մարդը գնացել է կարանտին»,- շարունակեց գյուղապետը։

Ըստ համայնքի ղեկավարի՝ Գողթում այս մեկ դեպքն է արձանագրվել, և Վարդաշեն ՔԿՀ աշխատանքային կոլեկտիվի 5 հոգու հետ հերթապահության մեջ է եղել և հետո մեկուսացվել է։

Նրա խոսքերով՝ ամեն անգամ ստուգվում է, տաքություն չի ունենում, սրտխառնոց չկա, իսկ համայնքում ախտահանիչ միջոցառումներն իրականացվում են, քլորով փողոցները 2 օրը մեկ ախտահանվում են, անձրևները վերջանան՝ համայքնապետարանը կրկին կսկսի ախտահանման աշխատանքները։

Հարցին՝ անապահով ընտանիքները շա՞տ են համայնքում, Գողթի գյուղապետը պատասխանեց, որ կան այդպիսի ընտանիքներ, կառավարությունը ծրագրեր է առաջարկում (գյուղվարկ, անչափահաս երեխաների մասով, հղի կանանց վերաբերող և այլն), որոնց շահառուները հիմնականում երեխաներն են, և ընտանիքներն, ըստ երևույթին, կօգտվեն։

Ըստ Կարեն Գաբրիելյանի՝ համայնքը ալկոգելի, բժշկական դիմակների խնդիր չունի, ում պետք է՝ օգտագործում է, գյուղում պանիկա չկա, ամեն մեկն իր գործին է, մարդիկ հողի աշխատանքներով են զբաղվում՝ հենց անձրևը կտրվում է, որևէ խնդիր չկա։

Հարցին, թե գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանում, պատասխանեց, որ ոչ։

«Մարդ իր այգին պետք է մշակի, որովհետև իր ապրուստի միջոցն է։ Մարդ իր անասունին պետք է տեր կանգնի իր գառին, իր ոչխարին, իր կովին, իր խոզին, իր հավին, որովհետև իր ապրուստի միջոցն է։ Գյուղատնտեսական աշխատանքները նորմալ են։ Կենդանիների հետ կապված անընդհատ ստուգումներ ենք անցկացնում, պրոֆիլակտիկ միջոցներ ենք ձեռնարկում։ Ես էլ անասնաբույժի հետ նայում եմ, որ կենդանին վարակված չլինի, օրինակ բրոցելոզով և այլն»,- նշեց նա։

Գյուղացիները, ըստ Գողթի համայնքապետի, դեռևս բողոք չունեն, քանի որ սեզոնային ապրանքի իրացման խնդիր դեռ չունեն, իսկ գյուղացիների ապրանքի վաճառքի սեզոնը սկսում է հունիս-հուլիս ամիսներին (գիլաս, սալոր, ծիրան  և այլն) մինչև օգոստոս, սեպտեմբեր։

«Որ գիլասը կլինի, դրանից հետո խնձորն է, ընկույզը։ Հիմա մենք որևէ  բան չունենք ծախելու, դեռ բերք չկա ծախելու։ Ջերմոցներն էլ վարդերինն է, սպասում ենք, մինչև ճանապարհները բացվեն, տեսնենք՝ Ռուսսատանն ինչ է անում հունիսից պարզ կլինի։ Հուսով եմ, որ մինչ այդ ամեն ինչ կկարգավորվի»,- եզրափակեց Կարեն Գաբրիելյանը։