Բացել լրահոսը Փակել լրահոսը
stcjsube44i3po7kcxu3-770x481
A A
Պաշտոնական Հասարակություն

Վերահսկողությունն էլ ավելի է մեծացել․ ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակը՝ կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով Կանանց աջակցման կենտրոնը (ԿԱԿ) նկատել է հետևյալ խնդիրները ընտանեկան բռնության զոհերի հետ կապված ՝

Սոցիալական վիճակի վատթարացում

Ճգնաժամների ժամանակ կանայք ավելի տուժում են և իրենց վրա ունենալով երեխաների հոգսը հաճախ աղքատության մեջ են հայտնվում: ԿԱԿ-ը, որ աշխատում է ընտանեկան բռնություն վերապրած կանանց հետ, նակտել է, որ կորոնավիրուսի հետևանքների պատճառով կանայք այժմ հայտնվել են առավել խոցելի վիճակում: Շատերը օրավարձով և չգրանցված աշխատողներ են, որոնք այսօր հայտնվել են անգործության և մնացել են առանց եկամուտի։ Ընտանեկան բռնություն վերապրած կանայք հաղթահարել են շատ դժվարություններ, անցել հոգեբանական վերականգնման շրջան ու հաճախ, չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, փորձում էին աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։ Շատերին հաջողվել էր ֆինանսական որոշակի կայունություն ձեռք բերել, սակայն այսօր, երբ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, ամեն բան կանգ է առել, հիմնականում օրավարձով ապրող կանայք կորցրել են իրենց աշխատանքը։ Կանանց աջակցման կենտրոնը իր շահառուներին տրամադրել է առաջնային օգնություն, սակայն կա մտավախություն, որ սահմանափակումների երկարատևության դեպքում մենք ևս չենք կարողանա ողջ ծավալով սոցիալական աջակցություն տրամադրել նրանց ու կանայք կհայտնվեն անելանելի վիճակում։

Կապի միջոցների մատչելիության խնդիր

Կանայք այս օրերին ունեն հեռախոսակապից օգտվելու դժվարություն, քանի որ մեր փորձը ցույց է տվել, որ ընտանեկան բռնության ենթարկվող կանանց հեռխոսահամարներն իրենց ամուսինների անունով են և խիստ վերահսկվող։ Այժմ, երբ բոլորը տանն են, վերահսկողությունն էլ ավելի է մեծացել և կանայք հաճախ չեն կարողանում նույնիսկ անհրաժեշտ զանգ կատարել տանից։

Վիճակագրություն

Համեմատության համար նշենք, որ 2019 թվականի մարտ ամսին Կանանց աջակցման կենտրոնի թեժ գծին կատարված հեռախոսազանգերի ընդհանուր թիվը 109 էր, այսինքն այս տարի 26 զանգով ավելացել է։ Այդուհանդերձ, առաջնային 86 զանգերից 56-ը ընտանեկան բռնության ահազանգեր են, իսկ 30-ը՝ սոցիալական աջակցության։

Տրանսպորտային միջոցների բացակայություն

Եթե նույնիսկ կանայք ցանկանում են բարձրաձայնել ընտանիքում առկա բռնության մասին, նրանք չեն կարողանում հասնել նույնիսկ տեղամասային ոստիկանություն, կամ Կանանց աջակցման կենտրոնի գրասենյակ։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեզ դիմած կանանցից մեկը, որը 25 տարի շարունակ ամուսնու կողմից ենթարկվել էր բռնության, ուղղակի ոտքով դուրս է եկել տանից՝ այս օրերին սակավ տրանսպորտի պատճառով և մոտեցել առաջին իսկ հանդիպած ոստիկանին՝ աջակցության ակնկալիքով։ Վերջինս առաջարկել է տեղամասային ոստիկանություն դիմել, իսկ կնոջ հարցին, թե ինչպես հասնել այնտեղ, պատասխանել է, թե իր գործը չէ։ Կինը հուզված մոտեցել է պատահական տաքսու վարորդի և խնդրել, որ օգնի իրեն։ Ի վերջո, կարեկից մարդկանց աջակցությամբ, ինչպես նաև կենտորն ոստիկանության ուղղորդմամբ կինը հայտնվել է մեր ապաստարանում։

Ոստիկանության աշխատակիցների զգայնության պակաս

Վերոնշյալ դեպքը ցույց է տալիս, որ նման իրավիճակները կարող են կրկնվել և հանրային վայրերում հսկողություն իրականացնող ոստիկաններին հարկ է, որ զգայուն լինեն ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ, տիրապետեն ուղղորդման մեխանիզմներին, ինչպես նաև՝ ձեռքի տակ ունենան հասարակական կազմակերպությունների թեժ գծերն ու ահազանգեն։

Մեր կողմից առանձնացրած այս ամենացայտուն կետերը ոչ լիարժեքորեն, սակայն ուրվագծում են մոտավոր պատկերը՝ ընտանեկան բռնության հետ կապված խնդիրների։ Ակնկալում ենք պետական մարմինների, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների և անհատների աջակցությունը, այս բարդ ժամանակահատվածում կանանց աջակցելու և նրանց՝ բռնությունից դուրս ապրելու իրավունքը պաշտպանելու գործում։

Հատուկ շնորհակալություն ԿԱԿ-ի աշխատակիցներին, ովքեր, վտանգելով իրենց առողջությունը, 24 ժամ անընդմեջ աջակցում են բռնության ենթարկված կանանց և երեխաներին:

Շուրջօրյա թեժ գիծ՝ 099 88 78 08