Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հասցնել ամեն ինչ... (1)
A A
Հասարակություն

Կրկնակի արտակարգ դրություն

Ընտանիքներում, որտեղ կան երեխաներ, կրկնակի արտակարգ դրություն է։

Աբովյանի բնակչուհի 33-ամյա Սոֆյան, որը   3 երեխաների մայր է, ասում է, որ առաջին շաբաթը «զգում էր, թե ինչպես է  դանդաղ խելագարվում»։ Նրա աղջիկները դպրոցականներ են՝ 11 եւ 9 տարեկան։   Պատճառը Viber-ի չաթն էր․ առաջին շաբաթը հեռավար ուսուցումն այս հարթակում  էր։

«Օրական մոտ 5000 նամակ էր գալիս, 5000 անգամ հեռախոսը ծնգում էր ու որպեսզի առողջությունս պահպանեմ, ասացի՝ վերջ․ աղջիկներ, մենք դուրս ենք գալիս, ինքնուրույն դասերը կանենք»,- պատմում է Սոֆյան։

Երկար մեկուսացված մնալ, սակայն, չստացվեց, հիմա արդեն մի քանի օր է դասապրոցեսը սկսվել է Zoom հարթակում․ պարզվեց՝  հետ չեն ընկել, դեռ մի բան էլ ծրագրից առաջ են։ Սոֆյայի կարծիքով հեռավար ուսուցումը հրաշալի գաղափար է, ուղղակի դժվար է մեկ օրվա մեջ ադապտացվել։ Երբեմն էլ, մանավանդ, երբ տունը բազմամարդ է ու կա փոքր երեխա, անհարմար դեպքեր են պատահում.

«Ուրեմն սենյակում աղջիկս դաս է անում, ես էլ չգիտեմ ու բարձր գոռում եմ՝ փոքր տղայիս՝ արի, արի գնանք զուգարան: Մինչև հասկացա, որ մեզ բոլորը լսում են, այո, աղջիկս խայտառակ եղավ»,- ծիծաղում է  բազմազավակ մայրը։

Դասերից բացի աղջիկները չեն մոռանում նաև ֆիզիկական ակտիվության մասին: «Մենք պատին փակցված ռեժիմ ունենք ու օրը սկսում ենք մեկ ժամ վազքով: Գնում ենք, դպրոցի տարածքով պտտվում ենք գալիս, ի դեպ, մեր օրինակով արդեն շատերն են սկսել: Առանց պայմանավորվածության բոլորը հերթափոխով գալիս, վազում գնում են, որպեսզի կուտակումներ չառաջանան»,- ասում է Սոֆյան:

Դրանից հետո աղջիկները՝  Նարեն և Արփին չեն զլանում օգնել մայրիկին տարբեր զգեստներ կարելու գործում, որոշել են՝ հենց կարանտինն ավարտվի , հարեւաններին իրենց ձեռքով պատրաստած բրոշներ պիտի նվիրեն:

Ընտանիքը այս օրերին բնության հետ շփվելու ձևն էլ է գտել։ «Նախորդ օրը մեր այգում ծառատունկ էինք կազմակերպել, երեխեքին ասում եմ ՝ 5 տարի հետո մրգերը կուտենք, կասենք կարանտինի շնորհքն են»,- պատմում է Սոֆյան՝ հավելելով, թե «մի օր էլ բանջար հավաքելու են գնացել»։

Կարանտինի օրերին Սոֆյայի ամուսինը, որը շեֆ խոհարար է, շատերի նման տանն է, բայց երեխաներին հետևելու գործը միայն մայրիկինն է, խառնվում է միայն, երբ գործը հասնում է երեխաների վիճաբանությանը: Սոֆյան ասում է՝ պատճառն այն է, որ ինքը «չի ուզում նրան ներքաշել աղջկական գործերի մեջ»:

Մյուս մայրիկի՝ Ժենիի երեխաներն էլ թեև երկուսն են, բայց հոգսերը ամենևին էլ քիչ չեն․ օրը սկսում են վաղ առավոտից համակարգչի դիմաց: Գործը բարդանում է, երբ տան երկու դպրոցականները դասերը սկսում են միաժամանակ. ստիպված տան տարբեր ծայրերում են նստում: Օրվա մյուս մասը սմարթֆոններից ազատվել չի հաջողվում:

«Իհարկե փորձում ենք նկարել, գրել, բայց հենց ազատ ժամանակ են ունենում,  միանգամից իրենց հեռախոսներն են վերցնում առանձնանում, չգիտեմ, գուցե ես եմ մեղավոր, թույլ մայր եմ»,- անկեղծանում է Ժենին:

Նրա համար առօրյա հոգսերը այս օրերին կրկնապատկվել են։ «Երբ ընտանիքի բոլոր անդամները տանն են, կնոջ հոգսն անհամեմատ ավելանում է, թեև հաճախ ամուսնուս էլ փորձում եմ ներգրավել, բայց դա հազվադեպ՝ հիմնականում սնունդ պատրաստելիս, մեծ հաշվով տնային գործերի ամբողջ բեռը ես եմ կրում».- պատմում է Ժենին:

Ամեն ինչի և բոլորի համար ժամանակ գտնում է, բացի մեկից՝ իրենից.

«Սեղանիս վրա գրքեր ունեմ կարդալու, բայց մոտ ժամանակներս երևի էդպես էլ մնան, որոշել էի քանի ազատ ժամանակ կար պատմվածքներ գրել, բայց դասավորեցի տան դարակները»։

Վերադառնալով երեխաներին՝ Ժենին հիմա լիովին հասկանում է ուսուցիչներին ու ավելի շատ արժևորում նրանց  գործը. «Երբ դասը սկսվում է, ճիշտ է՝ շատ արդյունավետ է, բայց կարծես ամբողջ դասարանը քո տանը լինի, շատ հոգնեցուցիչ է, ու օրվա վերջում քեզ շատ սպառված ես զգում»:

Ընտանիքը փորձում է դրական հոգեվիճակում մնալ, բայց դեպրեսիայից խուսափել միշտ չէ, որ հաջողվում է.

«Անցյալ օրը գիշերվա ժամը 2-ն էր ես տանը խեղդվում էի, շատ հոգնած էի ու օդը չէր հերիքում: Ամուսնուս հետ իջանք բակ, մոտ տասը րոպե նստեցինք, հետո հետ եկանք, ու ես խաղաղված էի,- պատմում է Ժենին,- իրոք, ամեն ինչ շատ, շատ անորոշ է, երանի շուտ ավարտվի»:

Վանաձորցի Հասմիկի համար էլ առանձնապես դրությունների տարբերություն չկա, տնային տնտեսուհի է: Այս օրերին արտաքին աշխարհի հետ կապը պահում է փողոց նայող պատշգամբի միջոցով.

«Վանաձորում ինչքան էլ ասեն կարատին ա, էստեղ կյանքը  մի քանի օր առաջ եռում էր․ սուրճի ապարատի կողքին մարդիկ հավաքված զրուցում, էն էլ հիմնականում ծերերը: Մարդիկ իրենք իրենց մասին չեն մտածում, բայց ուզում են անընդհատ պետությունը իրենց օգնություն ցուցաբերի»,- ասում է Հասմիկը:

Նա իրեն ամբողջովին նվիրել է 9 և 14 տարեկան տղաների դաստիարակությանը, ասում է, որ ազատ ժամանակ ունենում է, բայց իրեն դուր է գալիս լինել խոհանոցում և հետևել որդիներին։

Մայրիկի խոսքով տղաները այս օրերին իրենց լիակատար արձակուրդում են զգում, դաս անում  են, բայց ավելի շատ զբաղվում համակարգչով և համակարգչի համար կռիվներով:

Ընտանիքի ֆինանսական հոգսը ինչպես և սովորական օրերին, հիմա նույնպես հոր ուսերին է, բայց այժմ՝ կրկնակի ավելի բարդ.

«Մինչև արտակարգ դրությունը օրավարձով էր աշխատում, հիմա էլ տաքսի ա քշում, բայց դե գործ չկա: Միակ բանը, որ էս պահին մեզ նեղում ա ֆինանսական վիճակն ա, թե չէ ուրիշ բանից չեմ դժգոհում, ապրում ենք մեզ համար ու մեծացնում երկու ապագա զինվորի»,- եզրափակում է Հասմիկը։