Բացել լրահոսը Փակել լրահոսը
91787788_169208560790433_8890859315225690112_n
A A
Հասարակություն

Որտե՞ղ են մնում անօթեւանները, երբ պահանջն է մնալ տանը

2019թ տվյալներով՝ Հայաստանում 300 անօթևան է հաշվառված։ Նրանցից 100-ը բնակվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Անօթևանների կացարանում։ 200-ը ապրում են  Երևանում ՝ բաց երկնքի տակ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ սրանք ստույգ տվյալներ չեն։  Նախարարությունը անօթևան անձանց հաշվառում չի իրականացնում, տվյալները հաշվարկել են տարբեր աղբյուրներից ստացված ինֆորմացիայի հիման վրա:

 Ըստ նրա՝  դեռ մինչև արտակարգ դրության հայտարարումը՝ փետրվարի 27-ից արդեն Անօթեւանների կացարանում կարանտին էր հայտարարված, քանի որ կացարանի բնակիչները խոցելի խմբում են:

Ինչպե՞ս են կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված  արտակարգ դրության օրերին ապրում մյուս 200-ը։

Նախարարությունում  հստակ տեղեկատվություն չունեն, միայն տեղյակ են, որ նրանցից մի քանիսը ստացել են բնաիրային աջակցություն:

Սոնա Մարտիրոսյանը ներկայացրեց՝  անօթևանների վերահսկողության մեխանիզմը․

«Ոստիկանությունը ճշտում է՝ մարդը անօթևան է,թե ոչ, ահազանգում է համայնքային սոցաջակցության ծառայություն, սոցաշխատողը սկսում է դեպքի վարում, արձանագրում  է, որ մարդը խոցելի խմբի անդամ է, փորձում ենք իրենց մեր հաստատություններից որևէ մեկում տեղավորել»:

Նա նաեւ փոխանցեց, որ  արտակարգ իրավիճակի պայմաններում կոնկրետ անօթևանների  հետ աշխատանքը փոփոխություն չի կրել, որովհետև նրանք միշտ համարվում են խոցելի խումբ:

Որտե՞ղ են մնում անօթեւանները, երբ բոլորին հորդորում են մնալ տանը։ Ի՞նչ է անում այս դեպքում ոստիկանությունը․  «Ա1+»-ի հարցադրմանն ի պատասխան ոստիկանությունից հորդորեցին դիմել պարետատուն:

Այստեղ էլ  ասացին՝  առանձին ծրագիր չի իրականացվում,  անօթևաններով, ինչպես եւ նախկինում, զբաղվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: