Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենախաղաղասերը Լեւոն Արոնյանն է

Սպորտ

Եթե շախմատի Լինարեսի սուպերմրցաշարում գործեր նախկին ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության կանոնակարգը, ապա մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը 9-րդ տուրում խաղացած ոչ-ոքիի համար նույնիսկ կես միավոր չէր վաստակի (խորհրդային միության ֆուտբոլի թիմերն իրավունք ունեին խաղալ 8 ոչ-ոքի, իսկ մնացածը հավասարազոր էին պարտության հետ):

Մեր գրոսմայստերն այս տուրում սեւերով մրցեց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Լեւոնը կրկին զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ մրցակցին թույլ չտվեց վտանգավոր գրոհներ կազմակերպել, իսկ երբ կողմերը կատարեցին պարտադիր 40 քայլերը, անմիջապես որոշեցին խաղաղ դաշն կնքել: Այդպիսով, Լեւոն Արոնյանը իններորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց եւ այժմ 4,5 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

Նա դեռեւս մեկ միավորով զիջում է բուլղարացի Վեսելին Թոփալովին ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: 9-րդ տուրում Գրիշչուկը սպիտակներով վստահ հաղթանակ տարավ հենց Թոփալովի նկատմամբ եւ վաստակած միավորներով հավասարվեց նրան:

Այսօր կայանալիք 10-րդ տուրի բոլոր պարտիաներն էլ սկզբունքային նշանակություն ունեն: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հետ: Թոփալովը սպիտակներով կմրցի Գելֆանդի, իսկ Գրիշչուկը սեւերով` իսպանացի Վալյեխոյի հետ: