Բացել լրահոսը Փակել լրահոսը
համայնք
A A
Հասարակություն

Իրավիճակը Չարենցավանում` ըստ համայնքապետ Հակոբ Շահգալդյանի

Արտակարգ դրության պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Չարենցավան համայնքի վերաբերյալ որոշ սահմանափակումների մասին որոշում ընդունեց , սակայն մի քանի րոպե անց այն չեղարկեց։ Որոշման համաձայն՝ սահմանափակումները չէին տարածվում միայն համայնքի Ֆանտան բնակավայրի վրա։

«Ա1+»-ը Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանից հետքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում համայնքում՝ հաշվի առնելով, որ սկզբում որոշում էր կայացվել բացառիկ սահմանափակումներ կիրառել համայնքի նկատմամբ։

«Մենք նույնպես այդ որոշումը տեսել ենք, և հետո չեղարկվել է։ Մենք սպասում ենք պարետատան հայտարարությանը։ Եթե բան ունեք ճշտելու՝ իրենցից պետք է ճշտեք։ Ես գիտեմ, որ ինչ-որ սխալմունք է եղել»,- ասաց Չարենցավանի համայնքապետը։

Հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված ի՞նչ իրավիճակ է Չարենցավանում, պատասխանեց, որ ինչպես մնացած տեղերում, նույնպիսին էլ համայնքում է։

Ճշտող հարցին, թե դեպքերը շատացե՞լ են, կարո՞ղ է թիվ նշել, ի պատասխան համայնքապետը խորհուրդ տվեց  նայել ՀՀ առողջապահության պաշտոնական տվյալները, և որ համայնքապետարանը  պաշտոնական տվյալներ չունի։

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մեկուսացվածների շրջանակը, ըստ Շահգալդյանի, նույն այն արտադրամասի (Շենգավիթի կարի արտադրամաս - հեղ․) հետ է կապված։ 

Համայնքի բնակչության ընդհանուր շարժի վերաբերյալ Չարենցավանի համայնաքապետն ասաց․ «Բնակիչները հասկանում են, որ պետք է մնան բնակարաններում․ մի քիչ ավելի ըմբռնումով են մոտենում այդ հարցին»։