Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փոխնախարարը առաջարկություններ ներկայացրեց առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նշենք, որ երեկ՝ մարտի 30-ին, ԱԺ-ն նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունել էր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ասաց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկություններ են արվել, որոնք ընդունվել են։ Նա ներկայացրեց փոփոխված տարբերակը։

«Ժողովի որոշումներ կարող են ընդունվել առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու և հեռակա կարգով քվեարկության միջոցով։ Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, էլեկտրոնային կապի փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով»,- պարզաբանեց Ավագ Ավանեսյանը։

«Նախգծերի փաթեթում առաջարկվել է նաև նոր կետ, որի համաձայն՝ մինչև 2020թ․-ի հոկտեմբերի 1-ը բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել հեռակա քվեարկության միջոցով, անկախ ընկերության կանոնադրությամբ նման հնարավորության նախատեսված լինելու հանգամանքից։ Ընդ որում նման նիստի կազմակերպիչը սահմանում է նիստի անցկացման ու քվեարկության ընթացակարգ, որը պետք է ապահովի բաժնետերերի շահերի պաշտպանությունն ու պատշաճ սույն օրենքի դրույթներին համապատասխան քվեարկությունը»,- հավելեց փոխնախարարը։

Նախագծերի փաթեթը քվեարկության դրվեց։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 96 կողմ ձայներով այն ընդունեց։

Մանրամասները՝ տեսանյութում։