Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

Հասկանալի չէ՝ դա որքանով կարող է օգնել կարանտինի վերահսկողությանը․ Սամվել Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր Ազգային ժողով որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկում է բջջային օպերատորների միջոցով վերհսկողություն սահմանել քաղաքացիների տեղաշարժի նկատմամբ։ Կառավարությունն այս առաջարկը պայմանավորել է կորոնավիրուսային համաճարակի տարածման կապակցությամբ։ Նշենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը։
 
Նախագծի վերաբերյալ «Ա1+»-ը զրուցել է «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի և  ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։
 
Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ նախագիծը խոցելի տեղեր շատ ունի։ 
 
«Նախ տոտալ վերահսկման մեխանիզմ է ներդնում և վերահսկելով հեռախոսազանգերը՝ նաև հետագայում ոչնչացման և պահպանման հետ կապված՝ դեռևս հստակ նշված չէ, թե դա ինչպես է կատարվելու, ինչ մեխանիզմներով»,- պարզաբանեց իրավապաշտպանը։
 
Երկրորդն, ըստ նրա, այն է, որ եթե վերհսկվում են հեռախոսազանգերը, ապա սոցիալական ցանցերի միջոցով շփումն ինչպե՞ս է արվում, որովհետև այժմ սոցցանցերն ավելի մեծ դեր են կատարում մարդկանց կյանքում, քան հեռախոսները․ իրականում հեռախոսը որպես սարք է օգտագործվում, սակայն շփումներն իրականցվում են տարբեր սոցցանցերի միջոցով («Ֆեյսբուք», «ՎոթսԱփ», «Ինսթագրամ» և այլն), որոնք օպերատորների միջոցով վերահսկել հնարավոր չէ։
 
«Եվ ամենակարևորը․ արդյոք երբ որ մի բան սկսում ես վերահսկել, օգնո՞ւմ է այդ խնդրի լուծմանը, թե՞ հակառակը․ փակում է դա և բացում մեկ այլ խնդիր, օրինակ՝ մարդիկ ավելի շատ կձգտեն կենդանի կապով իրար հետ շփվել  և, օրինակ՝ վերահսկողությունից դուրս լինել։ Եթե այժմ փորձում են ավելի շատ շփվել տարբեր կապերի միջոցով, կփորձեն, թեկուզ և գաղտնի, շփվել կենդանի շփմամբ, որպեսզի վերահսկողությունից դուրս մնան։ Այդ բոլոր հարցերն իրականում շատ խորը արմատներ ունեն․ թե՛ հոգեբանական, թե՛ զուտ տեխնիկական, որի մասին նշեցի։ Միայն հեռախոսազանգերը չեն, որ մարդկանց միջև շփում են ապահովում, որովհետև նրանք, ովքեր որ ինտերնետ ունեն, ձգտում են թեկուզ «Վայբեր»-ով կապվել, քան՝ «ՎիվաՍելլ»-ով կամ այլ կապերի միջոցով, որոնք կարող են վերահսկվել»,- ընդգծեց Զարուհի Հովհաննիսյանը։
 
Իսկ արտակարգ դրության, կորոնավիրուսային համաճարակի պայմաններում վերահսկողությունն ինչպե՞ս պետք է կատարվի, որ ո՛չ շատ իրավունքների խախտումներ լինեն, ո՛չ էլ իրավիճակը վերահսկողությունից դուրս գա։ Մեր այս հարցին ի պատասխան՝  Հովհաննիսյանը նշեց, որ ավելի շատ պետք է աշխատել տեղաշարժի իրավունքի սահմանափակման վրա․ տեղաշարժն է ամենաառաջին աղբյուրը, որով հնարավոր է տարածել վարակը, և շատ ուժեղ վերահսկվի այն մեխանիզմը, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ շփվում։ 
 
«Նույն Ազգային ժողովում բոլորը նստած են առանց դիմակների, առանց պաշտպանիչ որևէ միջոցի, ինչն առավել մեծացնում է վարակվելու և վարակը տարածելու վտանգը, քան ինտերնետային կամ որևէ կապով միմյանց հետ շփվելը և խոսելը։ Ես կարծում եմ, որ այս խնդիրը պետք է լուծվի, և տարբեր երկրներում նաև իրականացվում է դիմակների և ախտահանիչ միջոցների անվճար տարածում և տեղադրում տարբեր հանրային վայրերում, օրինակ՝ մթերային խանութներում և այլն։ Եթե այդ միջոցներն ավելի շատ օգտագործվեն, ես կարծում եմ, ավելի մեծ բան արված կլինի, քան այս տոտալ վերահսկողությունը մարդկանց անձնական շփման, կյանքի և վիրտուալ կյանքի մեջ»,- եզրափակեց իրավապաշտպանը։
 
Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ մարդկանց տեղաշարժը վերահսկելու խնդիր կա, և շատ երկներում այդ հարցը հիմնականում փորձում են լուծել բջջային օպերատորներից ստանալով տեղանքի տվյալները։ 
 
«Որովհետև մենք բջջային հեռախոս ունենք, այն անընդհատ կպնում է մոտակա բազային, ալեհավաքին, ըստ այդմ՝ օպերատորը մեր շարժը, տեղը մոտավոր գիտի և այլն։ Այդ տվյալները հնարավոր է օգտագործել ապաանձնավորված, զուտ որպեսզի այսպես ասած՝ թռչնի բարձրությունից տեսնել մարդկանց տեղաշարժն ու հասկանալ՝ որքանով է կարանտինն իրականացվում։ Սակայն այս առաջարկած որոշումը հարցեր է առաջացնում, որովհետև օրինակ՝ խոսքը վերաբերում է հեռախոսազանգերի վերահսկողությանը։ Բարեբախտաբար գաղտնալսման հարց չկա, հեռախոսազանգերի բովանդակությունը չի վերահսկվում»,- նշեց մեդիափորձագետը։
 
Բայց, ըստ Մարտիրոսյանի, խոսքը վերաբերում է շատ մետատվյալների, այսինքն՝ «երբ եմ զանգել», «ում եմ զանգել», «որքան է տևել խոսակցությունը», որն ավելի շուտ ապակարանտինային վերհսկողության գործիք է, որովհետև հասկանալի չէ, թե դա որքանով է կարող օգնել ընդհանրապես կարանտինի վերահսկողությանը։ 
 
«Որովհետև դու դրանով չես իմանում, թե օրինակ՝ մեկն ում հետ է շփվել, զանգել, և բացարձակ ոչինչ չասող տվյալ է։ Կարծում եմ՝ սա քաղաքացիական ազատությունների անհամաչափ սահմանափակում է։ Մյուս կարևոր բանը․ ես կասկածներ ունեմ, թե ոնց է վերահսկվելու հետագայում այս տվյալների ոչնչացումը։ Մեր երկրում, ընդհանուր առմամբ, գաղտնի գրիֆի տակ գտնվող ոլորտը հանրային վերահսկողություն չունի․ չկա մեխանիզմ։ Եվ ո՞վ է երաշխավորելու, որ այդ տվյալները չեն մնա և օգտագործվեն կարանտինից հետո ոչ կարանտինի համար»,- ընդգծեց Մարտիրոսյանը։
 
Հարցին, թե այլ երկրներում այս պայմաններում վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվում, պատասխանեց, որ տարբեր են, օրինակ՝ Չինաստանը տոտալ վերահսկողական համակարգ ուներ, այսինքն՝ իրեն պետք էլ չէր ներդնել, և Չինաստանը շատ պրոֆեսիոնալ ձևով դա օգտագործեց։ Ռուսաստանում, ըստ փորձագետի, հիմա բոլոր քաղաքացիներին «QR» կոդ (Quick Response code, հայ․՝ արագ արձագանքման ծածկագիր) է տրվում, և որպես հիմք օգտագործում են արդեն եղած համակարգերը, օրինակ՝ Մոսկվայում դեմքի ճանաչման համակարգ ունեն։ 
 
«Այսինքն՝ իրենք եղած վերահսկման մեխանիզմների հիման վրա պարզապես ներդնում են նոր մեխանիզմներ։ Եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում փորձում են գեոլոկացիայի տվյալները․ օպերատորից ստացված մարդկանց տեղաշարժի տվյալներն օգտագործել, բայց էլի ապաանձնավորված։ Այսինքն՝ շատ կախված է թե որ երկրում, նայած թե որքանով են ժողովրդավարական վերահսկողություն կիրառելու սկզբունքները, ըստ այդմ էլ՝ վերահսկողության մեխանիզմները ավելի խորն են կամ ավելի ապաանձնավորված։ Այդ տեսանկյունից Հայաստանում առաջարկվածն ավելի ոչ դեմոկրատական երկրներին մոտ մեխանիզմ է, առնզվազն՝ այսօրվա դրությամբ»,- մանրամասնեց մեդիափորձագետը՝ հավելելով, որ հնարավոր է անցնի մեկ ամիս, և շատ-շատ ժողովրդավարական երկրներ դիմեն շատ ավելի կոշտ մեթոդների, և որ այս ասվածը վերաբերում է այսօրվա դրությանը։
 
Միացյալ Նահանգներում, ըստ Մարտիրոսյանի, նաև Հետախուզության դաշնային բյուրոն հավելված է պատրաստել, որն արդեն իսկ առցանց վերահսկելու հնարավորություն է տալիս։ 
 
«Տարբեր տեղեր տարբեր կերպ է այս ամենն աշխատում, բայց պետք է հաշվի առնենք, որ օրինակ՝ հարցն այստեղ այն է, որ Սահմանադրական իրավունքների սահմանափակում է արտակարգ դրության ռեժիմի պատճառով։ Եվ շատ չեն այն երկրները, որոնք ունեն «մինչև վերջ միացրած» ռեժիմ։ Կամ էլ սահմանափակումներն են սահմանափակ․ ինչպես օրինակ՝ Վրաստանում կան սահմանափակումներ, բայց օրինակ՝ գրաքննություն իրենք չեն մտցրել»,- եզրափակեց մեդիափորձագետը։