Բացել լրահոսը Փակել լրահոսը
_20200329_195520
A A
Հասարակություն

Լրատվամիջոցների 35 ներկայացուցիչ կորոնավիրուսը որոշող թեստ է հանձնել

  Այսօր հայաստանյան լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ կորոնավիրուսը որոշող թեստ են  հանձնել, որպեսզի թույլատրվի մեկնել Արցախ՝ լուսաբանելու  մարտի 31-ի  Նախագահի և  Խորհրդարանական ընտրությունները։

Ֆեյսբուքում լրագրողներից շատերի հրապարակած նկարներից երեւում էր, որ նրանք  հանձնել  են «Rapid test», այսինքն կորոնավիրուսը արագ որոշող թեստեր։  Նրանց մոտ, ովքեր հանրայնացրել էին իրենց թեստի արդյունքները, պատասխանը բացասական էր, այսինքն՝  կորոնավիրուս չէր հայտնաբերվել։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Ա1+»ին հայտնեց, որ  ԶԼՄ 35 ներկայացուցիչ է այսօր  թեստ հանձնել «Վարդանանց» բժշկական կենտրոնում։

«Ե՛վ դիտորդների, և՛ լրագրողների թեստավորման ֆինանսավորման հարցը պետությունն իր վրա է վերցրել»,- ասաց նա։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր, որ Հայաստանից բոլոր նրանք,ովքեր մեկնելու են Արցախ՝  ընտրությունները դիտարկելու, պետք է թեստ հանձնեն։

Արդյո՞ք  սրանք այն արագ թեստերն են, որոնց մասին օրեր առաջ հայտարարում էր Առողջապահության նախարարը։

«Բժշկակական կազմակերպություններ կան, որոնք ձեռք են բերել։ Բայց նախարարությունը դեռևս չունի։ «Ռապիդ» թեստերը պատվիրված են, ճանապարհին են»,- մեզ հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

 Ի դեպ, նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք վճարովի թեստեր  չեն անում, ամեն ինչ արվում է միայն  բժշկի ցուցումով։  

Մեր տեղեկություններով՝ որոշ մասնավոր բուժհիմնարկներ, որոնք թեստերը ձեռք են բերել սեփական միջոցներով , պատրաստվում են նման ծառայություն մատուցել նրանց, ովքեր ախտանիշներով չունենալով հանդերձ՝ կցանկանան թեստ հանձնել։