Բացել լրահոսը Փակել լրահոսը
90830520_2917435378314971_6198292004661624832_n
A A
Հասարակություն

Մայրանալ պատրաստվող կինը՝ փաստի առաջ. նրան զրկել են նպաստից

 Ծրագրավորող Մանյա Գասպարյանը  պատրաստվում է ծննդատուն գնալ։ Նա երկրորդ անգամ է ծննդաբերելու։ Հունվարի 29-ից հղիության և ծննդաբերության  արձակուրդում է։  Չնայած տասը տարվա աշխատանքային փորձառությանը՝ պարզել է, որ զրկված է մայրության այն նպաստից, որը նախատեսված է աշխատող մայրերի համար։

Պատճառը հարկային փոփոխությունն է։  Հունվարի 1-ից մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսը հարկերից ազատվեց: Միկրոբիզնեսի սեփականատերը  յուրաքանչյուր աշխատակցի համար վճարում է միայն 5000 դրամ՝ առանց հավելյալ վճարների և սոցվճարների։

«Ամբողջ 2019 թվականը ես աշխատել եմ խոշոր ֆիրմաներում և իմ աշխատավարձից կատարվել են  հարկումներ և սոցիալական վճարներ։ Հունվարին, երբ լրացել է մայրության և ծննդաբերության արձակուրդ գնալու ժամկետը, ես տեղեկացվել եմ, որ գործատուս որոշել է դառնալ միկրոբիզնես նույն տարվա հունվարից։ Չնայած նրան, որ հղիության և մայրության արձակուրդի գումարը հաշվվում է նախորդ 12 ամսվա միջին աշխատավարձի և վճարված հարկերի գումարից և 2019 թվականին դեռ գործատուս միկրոբիզնեսի ներկայացուցիչ չէր, փոփոխված օրենքն ինձ վրա հետադարձ ազդեցություն ունեցավ, և ես մեկ օրվա ընթացքում դարձա չաշխատող անձ»,-պատմում է Մանյան:

Գործատուն դիմել է Պետեկամուտների կոմիտե, որտեղ հղում են արել «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի առաջին կետին, որն ասում է՝ մայրության նպաստի իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք, բացառությամբ միկրոձեռնարկատիրության մեջ  ներգրավված վարձու աշխատողների կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողների։

Մանյա Գասպարյանը դիմել է նաեւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, այնտեղից ևս հղում են արել նույն օրենքին և պնդել, որ հարցը պետք է որոշել իրավահարաբերությունները ծագելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ:

Դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, այնտեղից ասել են, որ անպայման ընթացք կտան՝ դմելով համապատասխան մարմիններին, որպեսզի օրենսդրական փոփոխություններ արվեն:

«Մեր երկրում շատ է խոսվում ծնելիության խրախուսման ու հղիների և մայրերի իրավունքների պաշտպանության մասին, բայց կոնկրետ դեպքում պատկան մարմիններն անհրաժեշտ հետևողականություն և ուշադրություն չեն դարձնում, հույս ունեմ փոփոխություներ այնուամենայնիվ, կլինեն»,-ասում է Մանյա Գասպարյանը։

 «Ա1+»-ը ևս փորձեց պարզաբանումներ ստանալ համապատասխան գերատեսչություններից, ՊԵԿ-ից, Ֆինանսների նախարարությունից ասացին՝ խնդիրն իրենց տիրույթում չէ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում  խորհուրդ տվեցին դիմել Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմին, որտեղից ևս ասացին՝ խնդիրն իրենց տիրույթում չէ :
Այսօր հղի կնոջը այլ տարբերակ չի մնում, քան դիմել դատարան և պահանջել իր իսկ վճարած հարկերից հաշվարկվող ֆիզարձակուրդի գումարը:

           Անարդար, բայց շահեկան. Նաիրի Սարգսյան 

Աուդիտորների պալատի ղեկավար Նաիրի Սարգսյանի կարծիքով՝  մինչև 24 մլն շրջանառություն ունեցողներին հարկերից ազատելը առաջին հայացքից դրական է, բայց սա սխալ որոշում էր, քանի որ սրանով սոցիալական հարց չլուծվեց, միևնույն ժամանակ խորացավ սոցիալական անարդարությունը:

«Արդյո՞ք մեր պետության համար սա լավ էր, թե լավ չէր: Հարկերից ազատման քաղաքականություն կարելի է վարել, երբ երկրի տնտեսական զարգացման հեռանկարում ինչ-որ օգտակարության գործակից կա, Երևան քաղաքից դուրս գործող առևտրին, օրինակ՝ ազատեցին հարկերից, իսկ երկրի տնտեսական զարգացման հիմքը հասատ առևտուրը չէ , առնվազն դա պիտի լիներ միայն արտադրականների մասով: Այսինքն՝ այդպես էլ հասցեատերը չհայտնվեց»:

Ինչ վերաբերում է կոնկրետ նկարագրված դեպքին և մեր հարցադրմանը, թե արդյո՞ք չպիտի օրենքում լիներ անցումային դրույթ նմանատիպ դեպքերը կարագավորելու համար, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․

« Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է գնալու օրվանից հետ գնացած 12 ամսվա միջին վաստակը, այսինքն կարելի էր հաշվարկել և փոխհատուցում տալ, բայց քանի որ իմերատիվ  կերպով գրված է, որ դու եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտ ես, քեզ մի տեսակ արտոնություն տրված է, երկորդի մասին հույս չունենաս, սպասելիքներ էլ չունենաս»:

Ըստ Սարգսյանի՝ միկրոձեռնարկատիրությունը մեր երկրում գտնվում է անարդար, բայց շահեկան վիճակում:

Նշենք, որ միկրոբիզնեսում ընդգրկված աշխատողը հարկեր չի վճարում, հետևաբար՝ իր աշխատած տարիներն աշխատանքային ստաժ չեն համարվում և հետագայում չեն հաշվարկվելու: Աշխատողը հնարավորություն չունի նաև օգտվել հիվանդության, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի և այլ հնարավորություններից։