Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիան պատասխան «հարված» է հասցրել ՀԲՖ-ին

Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիան իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հայտարարությանը, որի մեջ նշվել էր, որ Լոնդոնի վարկանիշային մրցաշարին հայկական պատվիրակության հետ մեկնել են ֆեդերացիայի անդամ չհանդիսացող մարդիկ:

 ԲՀԱՖ-ի պատասխանը ստորև․

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների հիմքում: news.am-ին և topsports.am-ին տված պատասխանում ֆեդերացիան հերթական սուտ տեղեկությունն է տարածել, որ իբր բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն են մեկնել պատվիրակության անդամ չհանդիսացող մարդիկ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ բռնցքամարտի Հայաստանի պատվիրակության հետ, պատվիրակության անդամ չհանդիսացող ոչ մի անձ մրցավայր չի մեկնել: Հայաստանի պատվիրակության կազմում եղել են 10 բռնցքամարտիկ, 2 մարզիչ, 1 բժիշկ և Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Ի դեպ, hենց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի ու ՀԱՕԿ-ի կողմից տրված համատեղ հայտով է Հայաստանի պատվիրակությունը մասնակցել վարկանիշային մրցաշարին:

Արթուր Գևորգյանի գլխավորած ֆեդերացիան որևէ կապ չի ունեցել Լոնդոն մեկնած պատվիրակության հետ, ուստի ՀԲՖ-ն ոչ բարոյական, ոչ էլ իրավական տեսակետից իրավունք չունի հայտարարություն տարածել Լոնդոն մեկնած բռնցքամարտի պատվիրակության վերաբերյալ, առավել ևս, եթե նման հայտարարություններն արգելվում են ՀՀ օրենքով»:

Ի դեպ, ՀԲՖ-ն իր ֆեյսբուքյան էջից հեռացրել է հայտարարությունը: Ինչևէ, Հայաստանում գործող բռնցքամարտի երկու ֆեդերացիաները շարունակում են վիրտուալ «պատերազմը»: ՀԲՖ-ն անցած տարի, երբ դեռ գոյություն ուներ սպորտի նախարարություն, զրկվել էր պետական աջակցությունից: Այս տարի այդ իրավունքը կրկին վերականգնվել է, բայց՝ ԿԳՄՍ նախարարության կողմից: Իսկ ահա նորաստեղծ ֆեդերացիային ՀՀ իշխանությունն առայժմ չի ընդունում, իսկ թե ինչո՞ւ, դրա մասին հավանաբար տեղյակ են այն մարդիկ, որոնք եղել են բռնցքամարտի տարանջատման հիմքերում: