Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ ոսկի, մեկ` բրոնզ

Սպորտ

Բուլղարական Յամբոլ քաղաքում ավարտվեց սիրողական բռնցքամարտի հնագույն մրցաշարերից մեկը` «Ստրանջայի գավաթի» խաղարկությունը, որին մասնակցեցին մեծ թվով ուժեղագույն բռնցքամարտիկներ, այդ թվում աշխարհի գործող 5 չեմպիոններ:

Մեր բռնցքամարտիկները հաջող ելույթ ունեցան այս սուպերմրցաշարում` երեք քաշային կարգերում նվաճելով երկու մեդալ:

48 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը նախնական փուլերում հաղթելով իր բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ նա պետք է հանդիպեր ուզբեկ բռնցքամարտիկ Յասուրբեկ Լատիպովի հետ: Սակայն վերջինս չներկայացավ մրցամարտին, եւ մեր մարզիկը ինքնաբերաբար նվաճեց ոսկե մեդալ: Իսկ մրցաշարի ավարտից հետո կազմակերպիչները լավագույն տեխնիկա ունեցող բռնցքամարտիկ ճանաչեցին հենց Հովհաննես Դանիելյանին:

Էդուարդ Համբարձումյանը (64 կգ) միայն կիսաեզրափակիչում պարտվեց իր մրցակցին եւ արժանացավ բրոնզե մեդալի: Մեր երրորդ մասնակիցը` ծանր քաշային Բագրատ Օհանյանը, առաջին իսկ մրցամարտում պարտություն կրեց եւ դուրս մնաց պայքարից:

Հայաստանի ավագ տարիքային պատանիների հավաքականը (գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյան) Կալինինգրադում մասնակցեց միջազգային թիմային մրցաշարի: Մեր պատանի բռնցքամարտիկները հաղթեցին Բելառուսի ու Գերմանիայի հավաքականներին, սակայն պարտվեցին Ռուսաստանի թիմին եւ ընդհանուր հաշվարկով գրավեցին 2-րդ տեղը: