Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արժեզրկում է Սարյանի նկարները»

Հասարակություն

ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանն այսօր հետաձգեց մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգների ներկայացրած բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նրանց հայցն ընդդեմ «ՄԱՊ» գինու եւ կոնյակի գործարանի: Ըստ հայցվորի` «ՄԱՊ»-ն առանց Սարյաններ ընտանիքի թույտվության, օրենքի խախտումներով վերցրել եւ որոշ դեպքերում խեղաթյուրումներով իր արտադրած կոնյակների պիտակների վրա օգտագործել էր Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները:

Այսօրվա դատական նիստի հետաձգման պատճառը իջեւանցի նկարիչ Արմեն Ղուկասյանի բացակայությունն էր: Վերջինս, ըստ պատասխանող կողմի, այն նկարիչն է, որի գործերն էլ հենց, ըստ «ՄԱՊ»-ի ներկայացուցիչ Վարդան Խեչյանի` գործարանի պատվերով օգտագործվել են կոնյակների պիտակների վրա: Այդ նպատակով նույնիսկ կա հեղինակային երկկողմ պայմանագիր: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Սարյանի ժառանգների փաստաբան Հայկ Հարությունյանը` նման պայմանագիր գոյություն չի ունեցել. այն կազմվել է հետին թվով եւ անօրինական է:

Ներկայացնելով իրենց վերաքննիչ բողոքը` փաստաբան Հարությունյանը նշեց, որ «ՄԱՊ»-ն ապօրինաբար օգտագործել է Սարյանի 3 ստեղծագործություն` «Աշնանային մառախլապատ օր»-ն ամբողջությամբ, «Երեկո Արարատ» եւ «Պարող կանանց խումբը»` հատվածաբար: Բացի նկարների հատվածաբար աղավաղումներից, Հայկ Հարությունյանը նշեց գործարանի կողմից թույլ տված եւս մեկ խախտում. «Կոնյակի պիտակի վրա որեւիցե տեղ չի նշվել, որ դրանք Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններն են»:

Սարյանի ժառանգների փաստաբանի կարծիքով` նույնիսկ համապատասխան լիցենզիայի դեպքում էլ Սարյանի ընտանիքն իր համաձայնությունը չէր տա, որ այդ ստեղծագործություններն օգտագործվեն այդ կոնյակների վրա.
«Դրանք բարձր արժեք ունեցող ստեղծագործություններ են, իսկ այդ կոնյակներն ընդամենը 3, 5, 7 տարվա օրդինար կոնյակներ են: Այդպիսով կարծես արժեզրկեն Սարյանի ստեղածագործությունները: Եւ առհասարակ, մարդիկ միգուցե վերապահումներ ունեն «ՄԱՊ» կոնյակների որակի վերաբյալ եւ այդպիսով եւս անցանկալի կլինի Սարյանի որեւիցե պատկերի օգտագործումը կոնյակների վրա»:

Ըստ նրա` եթե անգամ աշխարհի ամենալավ կոնյակի վրա էլ օգտագործվեին աղավաղված եղանակով նկարներ, միեւնույն է` դա անօրինական է: «Ես` որպես փաստաբան, ամեն ինչ կանեմ, որ այս գործով կայացվի արդար որոշում»,- վստահեցրեց փաստաբան Հայկ Հարությունյանը: