Բացել լրահոսը Փակել լրահոսը
անահիտ
A A
Հասարակություն

Հեռավար կրթությունը «էլիտար» է դառնում, քանի որ ոչ բոլոր ընտանիքներին է հասանելի. Անահիտ Բախշյան

Օրեր առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերը սկսեց ուսուցիչներին շնորհակալության խոսքեր հղելով և ասելով որ իր համար զարմանալի և միևնույն ժամանակ ուրախալի է տեսնել, թե ինչպես են ուսուցիչները կարողանում կազմակերպել հեռավար ուսուցումը՝ հաղթահարելով առկա բոլոր խնդիրները: Նախարարն իր խոսքում նշեց, որ այս գործընթացը կարող է հիմք հանդիսանալ հեռավար կրթությունը առավել զարգացնելու համար: Հարությունյանի խոսքով՝ արդեն իսկ կիրառվելու է էլեկտրոնային մատյան, որտեղ ուսուցիչները պետք է լրացնեն օնլայն դասընթացների գնահատականները և թեմաները:

Դեռ օնլայն տարբերակով դասապրոցեսի բարդությունները չհաղթահարած ուսուցիչների մոտ, էլեկտրոնային մատյանի կիրառումը նոր դժգոհություններ առաջացրեց: Դժգոհությունների մի մասը տեղ գտան նաև Կրթության և Նախարարության ֆեյսբուքյան էջում, ոմանք հրաժարվեցին էլեկտրոնային տարբերակով գնահատականներ նշանակել:

«Ա1+ը» օնլայն հարթակով ուսուցման առկա խնդրին ծանոթանալու և կարծիքներ լսելու համար զրուցեց Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի և միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սաթենիկ Նիկողոսյանի հետ:

Սաթենիկ Նիկողոսյանը նշում է, որ ZOOM հարթակով աշխատանքը դժվար և ժամանկատար է, ինչպես ուսուցիչների, այնպես էլ երեխաների և ծնողների համար: Կիրառվող գործիքները դեռևս թերի են

«Պետք էր պարզ գործիքներ մշակել, որ այդ հարթակից օգտվելը մատչելի լիներ բոլորի համար: ZOOM ծրագրով աշխատելիս՝ վիդեոզանգի ժամանակ, երբ երեխաներից մեկը դուրս է գալիս խմբից, հետո չի կարողանում միանալ, պետք է բոլորը անջատեն, որ ինքը կարողանա կրկին միանալ: էլեկտրոնային գրատախտակով աշխատելը ևս շատ դժվար է: Պետք է այն  միակողմանի  դարձնել, քանի որ ուսուցչի գրելուն զուգընթաց, երեխաներն էլ կարող են գրատախտակին գրել, ինչը դժվարացնում է աշխատանքը: Ասում են՝ էլեկտրոնային մատյանի ստեղծումը ուսուցչի գործը հեշտացնելու համար է: Եթե պետք է մարտ ամսից սկսենք գնահատել Էլեկտրոնային մատյանի մեջ, իսկ նախորդ ամիսները ո՞նց պետք է լինի: Հետո էլ պետք է ասեն՝ նախորդ կիսամյակի գնահատականներն անցկացրեք էլեկտրոնային մատյան: Ինչը շատ ժամանակատար է»:

Սաթենիկ Նիկողոսյանը նշում է, որ ծրագիրն ունի նաև իր դրական կողմերը, քանի որ այն հնարավորություն է տալիս նաև տեսադասեր կազմակերպել, ինչը դասարանական պայմաններում հնարավոր չէ, քանի որ ոչ բոլոր դասարաններն են համակարգչով ապահովված:

Անահիտ Բախշյանի կարծիքով Հայաստանը դեռևս պատրաստ չէ կրթության այդ ձևը իրականացնելու, քանի որ մեր մանկավարժները չեն տիրապետում հեռավար կրթության կազմակերպելու տեխնիկական կողմին: Հաճախ երեխաներն ավելի արագ են կողմնորոշվում, քան ուսուցիչները:

«Հիմա նախարարությունը ամենօրյա դասացուցակ է հրապարկում, որը ստիպում է, որ ուսուցիչները այդ գործը սկսեն՝ մեկը մի քիչ լավ,մյուսը մի քիչ վատ, բայց անում են: Բայց խնդիրն այն է, որ ոչ բոլոր երեխաները համակարգիչ և ինտերնետ ունեն  և ստացվում է, որ այս հեռավար կրթությունը «էլիտար» է դառնում, որն  այդքան էլ մեր գործող նախարարը  չի սիրում»:

Անահիտ Բախշյանը նշում է, որ շատ երեխաների մոտ հեռավար կրթությունը հետաքրքրություն է առաջացրել,սակայն որքանով այդ գիտելիքը կտպավորվի երեխայի մեջ դեռևս վաղ է արդյունքների մասին խոսել և կանխատեսումներ անել, բայց սա լավ  առիթ է մտածել հետագայում հեռավար կրթությունը զարգացնելու և նոր մեխանիզմներ մշակելու համար: