Բացել լրահոսը Փակել լրահոսը
online-education-platforms-telecommute-and-remote-jobs
A A
Հասարակություն

«Ավելի շատ են մասնակցում»․ ինչպե՞ս են անցնում հեռավար դասերը

«Արտակարգ դրությունից հետո պարզվելու է՝ ուսուցիչներս ավելի շատ բան ենք սովորած լինելու, քան աշակերտները»։ «Ա1+»-ի հետ զրույցում կեսկատակ, կեսլուրջ ասում է Արարատի մարզի Հայանիստ համայնքի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Ելենա Գրիգորյանը։

Դպրոցն ամբողջությամբ հեռավար ուսուցման անցել է մարտի 23-ից։ Ելենա Գրիգորյանի համոզմամբ՝ ստեղծված իրավիճակը վեր հանեց կրթության ոլորտի խնդիրները։ Օրինակ, որոշ ուսուցիչների՝ ժամանակակից տեխնոլոգիաներին չտիրապետելը։

Ուսուցչուհին դրականն էլ է նկատում, նշում է՝ եթե նախկինում ուսուցիչներն «ականջի հետև» էին գցում, ամեն անգամ հետաձգելով ինչ-որ նոր բան սովորելը, հիմա ստիպված սովորում ու սովորածը կիրառում են՝ փորձելով աշակերտներին էլ սովորեցնել։

«Այս ընթացքում հասկացա, որ տարիքը կապ չունի, կան տարիքով ուսուցիչներ, ովքեր ավելի ջանասիրաբար են փորձում սովորել և ավելի ակտիվ են մասնակցում օնլայն դասերին, քան երիտասարդները։ Տեսազանգ են ապահովում, փորփրում, հետաքրքիր նյութեր են գտնում, ու եթե դժվարանում են՝ դիմում են իրենց զավակներին, հարսներին կամ թոռներին ու այդպես համատեղ ուժերով փորձում են հետ չմնալ երիտասարդներից՝ հետաքրքրիր ու բովանդակալից դասեր կազմակերպելով։ Այս ծանրաբեռնվածության արդյունքում, երբեմն նույնիսկ կատակում եմ, ուսուցիչներին ասում եմ՝ վերջում մենք ավելի շատ բան ենք սովորած լինելու, քան աշակերտները»,-ընդգծեց Ելենա Գրիգորյանը։

Հեռավար ուսուցման ամենաբարդ կողմը աշակերտների ընդգրկվածությունն է։ Ըստ ուսուցչուհու՝ մանավանդ մարզային բնակավայրերում ոչ բոլորն են ապահովված տեսազանգի հնարավորություն ունեցող հեռախոսներով, նույնիսկ ինտերնետ չունեն։

«Իմ դասղեկական դասարանում ունեմ աշակերտ, որի ընտանիքը դպրոցահասակ 4 երեխա ունի, և նրանցից ոչ մեկը չի կարողանում մասնակցել հեռավար դասերին, որովհետև տանը միայն սովորական հեռախոս ունեն։ Եվ երեխաները այս պահին զրկվում են կրթության իրենց իրավունքից։ Ծնողը զանգել է ինձ, ասել՝ ի՞նչ անենք, երեխաներն ուզում են մասնակցել, և իսկապես պարտաճանաչ երեխաներ են, ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում միշտ սովորած դասի է գալիս, մանավանդ ավագ դուստրը, որը գերազանց սովորող է, ափսոս է, որ իր նման աշակերտը այս պահին դուրս է մնում»,- պատմեց տիկին Գրիգորյանը։

Նման դեպքերում ուսուցիչները հեռախոսազանգի միջոցով տնային առաջադրանքներ են հանձնարարում։ Արտակարգ դրության ավարտից հետո, երբ դասապրոցեսները վերսկսվեն, կստուգեն նրանց կատարած աշխատանքները, բանավոր հարցումներ կանեն, գուցե նաև ամփոփիչ թեստեր տան, ու ըստ այդմ գնահատեն։

Ուսուցչուհուց հետաքրքրվեցինք, թե առհասարակ երեխաներին դո՞ւր է գալիս հեռավար ուսուցումը, մասնակցությունն իչպիսի՞ն է, Ելենա Գրիգորյանն ասաց, որ պատկերն ուրախալի է։

«Պատկերացրեք, որ ավելի շատ են մասնակցում, քան առկա դասերին։ Բոլորս էլ ինչ-որ չափով, իսկ երեխաներն էլ հատկապես կախում ունեն համացանցից, հեռախոսներից, համակարգիչներից, նրանց ուշքն ու միտքը դա է։ Երբ որ իրենց սիրելի սարքերի միջոցով է կազմակերպվում դասը, բնականաբար ավելի ակտիվ են մասնակցում։ Կան աշակերտներ, որոնք դասի չէին մասնակցում, խանգարում էին, հիմա ակտիվ մասնակցություն են ցուցաբերում, ինչը զարմանալի է, ձգտում են ինչ-որ բաներ անել, մանավանդ եթե թեստերը խաղային ձևով է լինում, ավելի հաճույքով են մասնակցում, քան, եթե դասարանում նստած գրավոր կտայինք ու կգրեին»,- ասաց տիկին Գրիգորյանը ու հավելեց, որ կան նաև երեխաներ, ովքեր ոչ թե հնարավորություն, այլ ցանկություն չունեն հեռավար ուսուցմանը մասնակցել, և դա, իհարկե, կազդի նրանց գնահատականների վրա։

Ելենա Գրիգորյանը երկու դպրոցահասակ երեխա ունի։ Ասում է, որ ապահովված են հեռախոսներով և կարողանում են օնլայն տարբերակով երեքն էլ մասնակցել հեռավար ուսուցմանը։ Երեխաները չեն դժգոհում հեռավար ուսուցման տարբերակից։

«Իհարկե, դժվար է թե՛ իմ դասերը կազմակերպելը, թե՛ երեխաներին հետևել։ Իրականում մենք ավելի շատ ենք աշխատում, քան առկա ուսուցման ժամանակ»,- ասաց նա։

Ըստ ուսուցչուհու՝ դասերը չեն կազմակերպվում ինչպես դպրոցի պարագայում՝ 9-ից 15։00-ն, այլ տարբեր ժամերի։ Պատահում է նաև, որ մեկ դասաժամը նախատեսվածից ավել է տևում։ Այս ընթացքում ներդրվել է նաև էլեկտրոնային մատյանների ծրագիրը, սակայն Ելենա Գրիգորյանն այդքան էլ դրան կողմնակից չէ։ Ասում է, որ այս պահին չէր ցանկանա, որ նման ծրագիր ներմուծեին։

Ցանկալի կլիներ նոր ուսումնական տարվանից դա ներդնել։

«Առանց այդ էլ այս պահին ուսուցիչները ծանրաբեռնված, լարված են, որովհետև շատերի համար այս վիճակը անսովոր է, մարդիկ միանգամից անցել են այս հարթակին, ու պատկերացրեք այն ուսուցիչներին, որոնք օրական 5, 6 դասարանների համար նյութեր են պատրաստում, ու հիմա էլ բերել են էլեկտրոնային մատյանի ծրագիրը պարտադրել»,- ասաց տիկին Գրիգորյանը՝ հավելելով, որ գնահատականները աշակերտներն ու ծնողները հնարավորություն չեն ունենալու տեսնելու։

«Dasaran.am-ն այդ առումով ավելի թափանցիկ էր, մենք ինչ լրացնում էինք, ծնողներն ու աշակերտները մուտք ունեն, տեսնում են։ Իսկ նոր մատյանում այդպես չէ, միգուցե հետագայում լինի, բայց այս պահին կարգավորված չէ»,- նկատեց նա։

Ելենա Գրիգորյանի դիտարկմամբ՝ դասերը երկարաձգելու կարիք չի լինի, օրինակ՝ իրենց դպրոցի պարագայում ուսումնական տարվա ծրագիրը 80 %-ով, եթե ոչ ավելին, կարողանում են ապահովել։ Քանի որ դպրոցը մեկ շաբաթ ուշացումով է միացել հեռավար ուսուցման տարբերակին, միայն այդ մեկ շաբաթվա պլանը թերի կմնա։

Հայանիստ համայնքի ուսուցչուհին նկատել է նաև, որ սոցիալական ցանցերում քննարկվում է այն, որ որոշ ուսուցիչներ աշակերտների հետ տեսաձայնագրությունները տեղադրում են օրինակ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Ըստ Ելենա Գրիգորյանի՝ այդ կերպ խախտվում է մարդու անձնական տվյալների պաշտպանության իրավունքը։ Անձամբ ինքը չէր ցանկանա, որ իր երեխաների մասնակցությամբ տեսաձայնագրությունները տարածեին։