Բացել լրահոսը Փակել լրահոսը
արփինե
A A
Հասարակություն

Տեղաշարժման թերթիկ չունենալու համար հաղորդավարուհին տուգանվել է (տեսանյութ)

Երգահան, հաղորդավարուհի Մարինա Թագակչյանի նկատմամբ ոստիկանությունն այսօր կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և տուգանել նրան։ Վերջինս առանց տեղաշարժման թերթիկի գնացել է խանութ։ «Ա1+»-ի հետ զրույցում Մարինա Թագակչյանն ասաց, որ տուգանվել է 150 000-ից 250 000 դրամի սահմանում։ Հաղորդավարուհին իր մոտ միայն անձնագիր է ունեցել։

«Անգամ չեմ էլ մտածել, որ մոտակա խանութ գնալիս դա պետք է վերցնեի։ Ինձ ասացին, որ տուգանվում եմ։ Ես էլ ասացի՝ շատ լավ, ուրախ եմ, որ օրենքը գործում է»,- պատմեց հաղորդավարուհին, ու հավելեց, թե դեմ չէ, որ պարետի որոշումներին չհետևելու համար տուգանվի, բայց նրան դուր չի եկել, որ ոստիկանության ծառայողները մոտ մեկ ժամ արձանագրություն են կազմել։

«Ասում եմ՝ ժողովուրդ, շատ լավ եք անում, որ հետևում եք պարետատան պահանջներին, բայց դա պետք է բոլորի նկատմամբ կիրառվի։ 1 ժամ իմ արձանագրություն են կազմում, 100 մարդ է անցնում, չեն բռնում, իմն են կազմում, դա ճի՞շտ է»,-նկատեց Մարինա Թագակչյանը։

Հաղորդավարուհին ասաց, որ չի պատրաստվում տուգանքը վճարել։

«Որովհետև դա արդարացի չէ։ Եթե ես իմ կողքը չտեսնեի՝ ինչ է կատարվում, եթե տեսնեի, որ բոլորին վերահսկում են և ստուգում են, ես կասեի՝ շատ լավ, ես սխալ էի, բայց տեսա, թե ինչ է կատարվում։ Խնդիրը դա է, եթե օրենք է, ապա դա ձևական բնույթ չպետք է կրի, որ ցույց տան, թե նման բան են անում։ 99 հոգուց 1-ը կարող է պլստալ, բայց իրենք 1 հոգուն բռնում են, 99-ը պլստում է»,- նշեց նա։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Ա1+»- ին փոխանցեցին, որ արձանագրության հիման վրա վարչական վարույթ է հարուցվել։ Նշենք, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում, որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով։

 

Լուսանկարը Մարինա Թագակչյանի ֆեյսբուքյան էջից է։