Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գյուղացուն դժվար է տանը փակվելը, երբ սկսվել  է ծառերի էտը (տեսանյութ)

  Արմավիրի մարզում արդեն սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները։

Չնայած արտակարգ դրության ռեժիմին Եղեգնուտում գյուղացիները չեն կարող սահմանափակել իրենց տեղաշարժը եւ տանը  ինքնամեկուսանալ։ Երկու ամիս առաջ աճեցված տնկիները այս օրերին սկսում են տնկել դաշտում, իսկ այգիներում սկսվել է ծառերի էտը։

 «Որ իրենց գործերը թողեցին ո՞վ պետք է անի։ Ոչ ոք չի անի։ Հիմա «թաղար» ենք թափում»,- ասում է  գյուղի բնակիչ  Գեւորգը։

Տանից դուրս են գալիս, զբաղվում գյուղական աշխատանքով, սակայն քաղաք չեն գնում։     

Գեւորգն ասում է, որ քույրն եւ եղբայրն Էջմիածնում են ապրում, սակայն իրավիճակով պայմանավորված շփում չկա․ «Սաղս մեկս մեկից կտրվել ենք»։

Կեռասենիների եւ  ջերմոցային բույսերի մշակությամբ զբաղվող Սուրանը, ինչպես ամեն տարի ծառերի էտման փուլից հետո, այս տարի նույնպես ընտանիքով  այգու մաքրման աշխատանքներին էր մասնակցում։

«Այգին մաքրում ենք, ցախն էլ օգտագործում որպես վառելափայտ»,- նշում է նա։

Գյուղացիները պնդում են՝ գյուղում դժվար է տանը փակվելը․ «Դաշտ ենք գնում, բերքը մշակում, անասուններին էլ նախիր տանում»։

Թեեւ Եղեգնուտում կորնավիրուսով վարակման դեպքեր չկան, այնուամենայնիվ․  համավարակով պայմանավորված մարդկանց շփումը սահմանափակվել է բակից բակ հարց ու փորձով։ Քաղաքում ապրող իրենց հարազատների հետ  չեն շփվում, գյուղից  էլ միայն խիստ անհրաժեշտության դեպքում են դուրս գալիս, հիմա արդեն տեղաշարժման ձեւաթուղթը լրացնելով։

Ինչպես ամեն  տեղ, այստեղ էլ   ոստիկանական ծառայության մեքենաները շրջում են  եւ տեղեկացնում արտակարգ դրության ռեժիմի եւ ինքնամեկուսացման պայմանների մասին։