Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա
A A
Հասարակություն

Խոշտանգման գործով արդարացված ոստիկանության պաշտոնյայի վերաբերյալ դատական ակտը բեկանվել է

ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանը վերստին հայտնվել է մեղադրյալի աթոռին խոշտանգման գործով։  Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը որոշել է բեկանել արդարացման դատական ակտը, որը կայացրել էր 2018 թ փետրվարի 6-ին  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Զոյա Զաքինյանը։   Գերասիմ Մարդանյանը մեղադրվում էր   2017թ հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժանմունքի  շենքում 19-ամյա Ժորա Սիմոնյանին  խոշտանգելու մեջ։

Դատավոր Զոյա Զաքինյանին  հավատ չէր ներշնչել դատաբժշկական փորձաքննության արդյունքները, իսկ  Ժորա Սիմոնյանի ընտանիքի անդամների ցուցմունքները համարել էր ոչ արժանահավատ։

  Փոխարենը նա արժանահավատ էր համարել գործով ամբաստանյալ Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանի աշխատակիցների ցուցմունքները։

  Տուժող Ժորա Սիմոնյանի  ներկայացուցիչ, փաստաբան  Արա Ղարագյոզյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր դատավորը որոշել է  մասնակիորեն բավարարել թե իր,  եւ թե դատախազ  Վարդգես Սարգսյանի բողոքները։

Դատավորը որոշել է գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Սակայն ինչ ծավալով պետք է քննություն իրականացվի, դեռ պարզ չէ։  Որոշումը դեռ չեն ստացել։

«Ցանկալի կլիներ, որ վերաքննիչ դատարանն ամբողջությամբ բավարարեր մեր բողոքը եւ ճանաչեր խոշտանգման  փաստը»,- ասաց Արա Ղարագյոզյանը։

 Հիշեցնենք, որ  ըստ մեղադրանքի՝ «ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վահրամ Սիմոնյանին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին: Ոստիկանության աշխատակիցների պահանջով Վ. Սիմոնյանի եղբայրը՝ Ժորա Սիմոնյանը, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխել եղբոր վարած ավտոմեքենան, որից հետո ոստիկանները նրան ուղեկցել են Իջևանի բաժնի աշխատասենյակներից մեկը: Այնուհետև աշխատասենյակ է մտել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գերասիմ Մարդանյանը և ենթադրելով, որ Ժորա Սիմոնյանը նույնպես մասնակցել է ապօրինի ծառահատմանը, եղբոր հետ գտնվել է նույն ավտոմեքենայում ու չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին, այդ արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է վերջինիս. ապտակել է դեմքին, ոտքերով հարվածել որովայնին և ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»: