Լեւոն Արոնյանն արդեն երրորդն է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանին ոչ մի կերպ չի հաջողվում հաղթանակ տոնել իսպանական Լինարեսի գերմրցաշարում:
8-րդ տուրում նա սեւերով մրցեց մրցաշարի միանձնյա առաջատար, բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Արոնյանը անվստահ անցկացրեց պարտիան եւ հայտնվեց ծանր վիճակում: Վերջում նա նաեւ ժամանակի հետ կապված խնդիր ուներ: Մեր շախմատիստը, այնուամենայնիվ, կարողացավ դուրս գալ այդ վիճակից: Արոնյանը օգտվելով մրցակցի դանդաղկոտությունից, թագավորով տիրեց խաղատախտակի կենտրոնը: Թոփալովը թեեւ նյութական առավելություն ուներ, սակայն դիրքային պայքարում զիջում էր նրան, ուստի առաջարկեց խաղաղ դաշն կնքել:
Այս տուրում սկզբունքային նշանակություն ունեցող Ալեքսանդր Գրիշչուկ - Վուգար Գաշիմով պարտիան ավարտվեց ռուսաստանցի շախմատիստի հաղթանակով: Ֆրանցիսկո Վալյեխո - Բորիս Գելֆանդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
8 տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Թոփալովը, որը վաստակել է 5,5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնում է Գրիշչուկը` 4,5 միավոր, երրորդ` Արոնյանը` 4:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը տեղի կունենան նախավերջին` 9-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը, կրկին սեւերով, կմրցի Բորիս Գելֆանդի հետ, որն իր ակտիվում ունի 3,5 միավոր, իսկ մրցաշարի երկու առաջատարները կհանդիպեն միմյանց հետ: