Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոթերորդ ոչ-ոքին

Սպորտ

Իսպանական Լինարեսում ընթացող շախմատի գերմրցաշարի 7-րդ տուրում կայացած բոլոր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի:

Մրցաշարի ընդգծված առաջատար Վեսելին Թոփալովը սեւերով խաղաղ դաշն կնքեց ադրբեջանցի Վուգար Գաշիմովի հետ, իսկ իսրայելցի Բորիս Գելֆանդը միավորը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց մրցաշարի ետնապահ, իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյի հետ: Վերջինը շատ մարտականորեն էր տրամադրված եւ ամեն ինչ արեց հաղթանակի հասնելու համար: Վալյեխոյին նույնիսկ հաջողվեց «թակարդը» գցել սպիտակների թագուհուն եւ վերցնել այն, բայց Արոնյանը հակագրոհ կազմակերպեց մրցակցի թագավորական թեւում եւ ստիպեց նրան պաշտպանվել: 48-րդ քայլից հետո կողմերը տրամաբանորեն խաղաղ դաշն կնքեցին:

Յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է վստահ գլխավորել Թոփալովը` 5 միավոր: Նրանից 1,5 միավոր քիչ են վաստակել Արոնյանը, Գրիշչուկը եւ Գաշիմովը, ապա հաջորդում են Գելֆանդը` 3, եւ Վալյեխոն` 2,5:

 8-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով կմրցի առաջատարի հետ: Սկզբունքային նշանակություն ունի նաեւ Գրիշչուկ - Գաշիմով մրցամարտը: