Արոնյանը շարունակում է ոչ-ոքիներ անել
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանական Լինարեսում շարունակվող շախմատի գերմրցաշարում առայժմ պարտություն չեն կրել Վեսելին Թոփալովն ու Լեւոն Արոնյանը, սակայն եթե բուլղարացի գրոսմայստերն արդեն երեք հաղթանակ է տոնել, ապա մեր շախմատիստը դեռ չի ճաշակել այդ քաղցրությունը:
6-րդ տուրի կենտրոնական Ալեքսանդր Գրիշչուկ - Լեւոն Արոնյան պարտիան, ինչպես եւ սպասվում էր, անցավ լարված պայքարում: Ռուսաստանցի շախմատիստը հենց սկզբից անցավ ակտիվ գործողությունների, սակայն որեւէ առավելություն չստացավ: Նա համառորեն շարունակում էր ճեղքվածքներ փնտրել սեւերի պաշտպանությունում, չնայած նրան, որ Արոնյանը շատ կազմակերպվաշ էր պաշտպանվում: Գրիշչուկն իր ընտրած մարտավարությունից հոգնեց 101-րդ քայլից հետո, երբ հասկացավ, որ պարտիայի տրամաբանական արդյունքն ոչ-ոքին է:
Մրցաշարի միանձնյա առաջատար Վեսելին Թոփալովն ի հաշիվ մրցակցի մոտ առաջացած ցայտնոտի, հաղթեց իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյին եւ էլ ավելի ամրապնդվեց 1-ին հորիզոնականում` 4,5 միավոր: Հաջորդ երեք տեղերը զբաղեցնող Արոնյանը, Գրիշչուկը եւ ադրբեջանցի Վուգար Գաշիմովը վաստակել են 3-ական միավոր:
Այսօր մեր շախմատիստը սպիտակներով մրցելու է Վալյեխոյի հետ, որը 2 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: