Վաղը կընտրվի ՀԲՖ նախագահը
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 20-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի համաժողովը:
Ֆեդերացիայի նախագահության անդամ Արթուր Նազարյանից «Ա1+»-ի մարզական լրագրողը տեղեկացավ, որ սա հերթական համաժողովն է, որն անցկացվում է երկու տարին մեկ:
«Հայաստանի բոլոր սպորտային ֆեդերացիաները, բացի ֆուտբոլի ֆեդերացիայից, երկու տարին մեկ անցկացնում են համաժողով, որի ժամանակ ամփոփում են անցած տարիների կատարած աշխատանքները: Վերջում պարտադիր ընտրվում է ֆեդերացիայի նոր նախագահը»,-ասաց նա:
Հարկ է նշել, որ ՀԲՖ-ի կանոնակարգով նախագահի ընտրություններին կարող են մասնակցել միայն ֆեդերացիայի նախագահական խորհրդի անդամները: Ի դեպ, նախագահի թեկնածուներին առաջարկում են հենց խորհրդի անդամները (վերջիններին նշանակում է հենց նախագահը), ընդ որում` դա կարող են անել նույնիսկ համաժողովի ժամանակ:
Ըստ մեր ունեցած տվյալների` ՀԲՖ-ի նախագահի պաշտոնում առայժմ առաջարկվել է ներկայիս նախագահ Հրաչյա Ռոստոմյանի թեկնածությունը, որը ֆեդերացիան գլխավորում է 2006 թվականից:
Ինչ վերաբերում է քվեարկությանը, ապա դրան մասնակցելու իրավունք ունեն ֆեդերացիայի նախագահական խորհրդի անդամները, ֆեդերացիայի բոլոր աշխատակիցները, բասկետբոլային ակումբների, մարզադպրոցների ներկայացուցիչները, բասկետբոլի մարզիչները եւ այլք: