Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ոստիկանները եւ մահակներով ցրում են, եւ անվճար սնունդ բաժանում․ Արտակարգ դրությունը  Հնդկաստանում՝  հայերի աչքերով (տեսանյութ)

Հնդկաստանում մարտի 25-ից   հայտարարված է 21- օրյա արտակարգ դրություն՝  ամենախիստ սահմանափակումներով։  Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝  չեն աշխատում քաղաքային, մարզային  տրասնպորտը, գնացքները։ Դադարեցված է օդային հաղորդակցությունը։  Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց  Դելիում գտնվող լրագրող  Գայանե Հակոբյանը, տանից թույլատրվում է դուրս գալ  խիստ անհրաժեշտ դեպքերում, օրինակ՝ խանութ գնալու համար։  Չնայած այստեղ ամենափոքր կրպակն անգամ ունի առաքման ծառայություն։  Մեկ օրվա ընթացքում կրկնակի թանկացել է բանջարեղենը։ Նրանք, ովքեր գնում են խանութ, փորձում են պահպանել  սոցիալական հեռավորությունը։

Ամենուրեք  ոստիկաններ են, որոնք  հետեւում են, որ չխախտվի արտակարգ դրությունը։ Արդեն իսկ սոցիալական հարթակներում տարածվում են տեսանյութեր, ինչպես  են  ոստիկանները մահակներով ցրում  օրինախտներին։ 

Փակված են հինդու տաճարները, մզկիթները,  եկեղեցիները,  որտեղ նաեւ սնվում էին ամենաաղքատ խավի ներկայացուցիչները։ Այդ իսկ պատճառով որոշ տեղերում ուտելիք են  բաժանում աղքատներին` ոստիկանների հսկողությամբ։  Որոշ տեղերում ոստիկաններ են ուտելիք բաժանում։ Հերթեր են  բանկերում, թեեւ երկրում զարգացած է օնլայն բանկային համակարգը ու  ֆինանսական կառույցներն էլ աշխատելու են։

  Փակվել են առեւտրային  կենտրոնները, ձեռնարկությունները։   Բացառություն է արված խանութների, սուպերմակետների,  բանկերի, ապահովագրական, հեռահաղորդակցության ընկերությունների, լրատվամիջոցների համար։ Փակ են կրթական հաստատությունները։

Սոցհարթակներում  զբոսաշրջիկները բողոքում են, որ  սկսել են «վատ աչքով» նայել զբոսաշրջիկներին՝ համարելով երկիր կորոնավիրուսը բերողներ։   Ասում են, որ  որոշ հյուրանոցներ առաջարկել  են իրենց հեռանալ։  Տարբեր երկրների դեսպանատներ փորձում են աջակցել իրենց քաղաքացիներին՝ հնարավորության դեպքում չարթերային թռիչք կազմակերպելով։

Հնդկաստանում Հայաստանի հյուպատոսարանը հորդորել է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները էլեկտրոնային  փոստին։ Գործում է նաեւ շուրջօրյա թեժ գիծ։

Հայաստանի Հանրապետության մոտ 100 քաղաքացի կա ներկայումս Հնդկաստանում։ Նրանց մեծն մասը ամուսնացած է Հնդկաստանի քաղաքացիների հետ, մյուս մասն այստեղ է՝ կրթական ծրագրերով։    Հնդկաստանում գտնվող հայերը շփվում են  իրար հետ  սոցհարթկաների տարբեր խմբերում։

Ֆարիդաբադի շրջանում  բնակվող Անուշ Մուրադյան-Գուպտան պատմում է, որ տնից դուրս են  գալիս միայն խիստ անհրաժեշտ դեպքերում․  ամբողջ շրջանում ընդամենը մի մթերային խանութ է աշխատում։

Դելիում բնակվող Քրիստինե Սարգսյանը նշում  է՝  փորձում է խուճապի չմատնվել։ Ամեն ինչ անում է առցանց, տանից դուրս է գալիս հազվադեպ եւ  միայն դիմակով ու ձեռնոցով։ Հուսով է, որ այս ամենը շուտով կվերջանա։  Փորձում է նաեւ դրականը տեսնել այս իրավաիճակում, օրինակ՝  Դելիում մթնոլորտային օդն  է մաքրվել։

Վերջին տվյալներով ՝ Հնդկաստանում գրանցվել է  կորոնավիուսի հաստատված 562 դեպք, 11 մահ։  Դեպքերի մեծ մասն արձանագրվել են Կերալայում եւ Մահարաշտրայում, որոնք զբոսաշրջային կենտրոններ են։ Հայաստանի քաղաքացիների շրջանում վարակվածներ չկան։

Ի դեպ, ինչպես պատմեց Գայանեն, Հնդկաստանի կառավարությունը ամեն կերպ փորձում է 1,3 մլդ բնակչությանը տեղեկացնել նոր կորոնավիրուսային հիվանդության եւ դրանից պաշտպանվելու մասին։  Եթե դուք զանգահարում եք որեւէ մեկին,մինչ միանալը՝ կլսեք հաղորդագրություն՝ ինչպես լվանալ ձեռքերը, դիմակ կրել եւ այլն։