Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ինչ պետք է անել եւ չանել վաղվանից ․ՀՀ Փոխվարչապետի խորհրդական (տեսանյութ)

Պարետի  մարտի 24-ին ստորագրված թիվ 16 որոշման համաձայն, այսօր ժամը 23:00-ից ՀՀ  ողջ տարածքում սահամնափակվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում՝ իրենց բնակության վայրում. Կառավարության հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ փոխվարչապետի խորհրդական Սուրեն Քրմոյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է մնան տանը և միայն կենսական անհրաժեշտության դեպքում կարող են այցելել մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղատնտեսական շուկաներ: Տանից կարող են դուրս գալ նաև հոգեհանգստի արարողության մասնակցելու և խնամքի կարիք ունեցող անձին այցելելու դեպքում: Միևնույն ժամանակ, թույլատրվելու է բնակության վայրի անմիջապես մոտ տարածքում օրական մեկ անգամ դուրս գալ ֆիզիկական վարժություններ կատարելու և հեծանվավարության համար:

«Սահմանված է արտակարգ դրության ժամանակ համապատասխան ձևաթուղթ՝ տեղաշարժի թերթիկ  և յուրաքանչյուր անգամ տանից դուրս գալու ժամանակ  պետք է քաղաքացիները լրացնեն այն: Աշխատելու թույլտվություն ունեցող պետական կառավարման աշխատողները նույնպես պետք է այդ թերթիկը լրացնեն»,-ասաց նա։

Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ վաղը Պարետի հանձնարարությամբ ոստիկանության ուժերը ամբողջ ՀՀ տարածքում իրականացնելու են հսկողություն և մարդկանց տեղաշարժի դեպքում ոստիկանը  իրավասու է մոտենալ և ստուգել փաստաթղթերը: Փաստաթղթի բացակայության դեպքում ոստիկանը իրավասու է կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ: Սակայն սահամափակումները չեն վերաբերում բուժաշխատողներն, ոստիկաններին, սննդի արտադրությամբ զբաղվողներին և պարետի կողմից թույլատրված այլ ոլորտի աշխատողներին։

«Պարետի թիվ 15 որոշմամբ սահամնափակվում է հանրային ծառայության իրականացումը: Այսինքն՝ հանրային իշխանության մարմինների գործունեությունը պետք է իրականացվի առցանց, առանց այցելելու վարչական շենքեր: Սահմանափակվելու են պետական մարմինների սպասարկման գրասենյակները»,- ընդգծեց նա։

Սուրեն Քրմոյանը տեղեկացրեց, որ Կառավարությունը գործարկել է արդեն կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական  հարթակը, որտեղ շուրջօրյա տեղեկատվություն է տեղադրվելու:

Հարցին, թե տեղեկատվական թերթիկը, որտեղի՞ց պետք է ձեռք բերել, Սուրեն Քրմոյանը նշեց, որ թերթիկը տպելը պարտադիր պայման  չէ:

Քաղաքացիները կարող են Կառավարության կայքից բովանդակությունը արտագրել և լրացնել ցանկացած թղթի վրա : Թերթիկում նշվում է ամսաթիվը, տեղաշարժող անձի անուն անզգանուն հայրանունը, ելքի ժամը, այցելության վայրի հասցեն, նպատակը: Պարտադիր  է նաև անձը հաստատող փաստաթուղթը:  Ա1+-ի հարցին՝ արդյո՞ք տրանսպորտային միջոցները աշխատելու են, նա դրական պատասխանեց։

«Տրանսպորտային միջոցներն աշխատելու են, և այս առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի բժիշկները, ոստիկանները, արտադրությունում կամ խանութներում աշխատողները կարողանան տեղափոխվել աշխատանքի վայր՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»,- ասաց նա: