«Միկայի» վստահ հաղթանակը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Աշտարակի «Միկան» Կիպրոսում անցկացրեց երրորդ ստուգողական հանդիպումը եւ վստահ հաղթեց լեհական «Շլյոնսկ» թիմին:
Առաջին խաղակեսում կողմերին չհաջողվեց գոլ խփել, իսկ ընդմիջումից հետո աչքի ընկան միայն միկացիները: Խաղի հաշիվը 52-րդ րոպեին 11մ հարվածով բացեց Մոնտենեգրոն, 70-ին կրկնապատկեց Բոդի Դեմելը, իսկ մեկ րոպե անց թիմի նորեկ, լատվիացի հարձակվող Մինդաուգաս Գրիգալեւիչուսը երրորդ գոլը խփեց` 3:0:
Ինչպես տեղեկացնում է «Միկայի» կայքէջը, խաղի նման ելքը հավասարակշռությունից հանեց լեհերի խաղացող Սեբաստիան Միլային, որը մրցավարին հայհոյելու համար հեռացվեց խաղադաշտից: Սակայն թիմերի պայմանավորվածության համաձայն` կարգազանցին փոխարինեց նրա խաղընկերը, ուստի թիմերը հանդիպումն ավարտեցին լրիվ կազմով:
«Միկան» հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի փետրվարի 21-ին, ռուսական «Ուրալի» հետ: