Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանի 5-րդ ոչ-ոքին

Սպորտ

Իսպանական Լինարեսում մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսեց շախմատի գերմրցաշարը:

5-րդ տուրում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Պարտիայի սկզբում Լեւոնը երկու անգամ անսպասելի քայլեր կատարեց, սակայն դրանք ոչինչ չտվեցին նրան: Խաղավերջում սեւերը ժամանակի հետ կապված խնդիրներ ունեին, բայց Գելֆանդը փոխանակեց խաղաքարերը եւ պարզեցրեց դրությունը: Արոնյանը թեեւ մեկ զինվոր ավել ուներ, բայց դիրքային առավելություն չստացավ: Արդյունքում, 46-րդ քայլից հետո կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց մրցաշարում:

Այս տուրում կարեւոր միավոր վաստակեց բուլղարացի Վեսելին Թոփալովը, որը հաղթեց հենց իր գլխավոր մրցակցին` ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին եւ միանձնյա սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը` 3,5 միավոր: Նրանից մեկ միավոր քիչ են վաստակել նույն Գրիշչուկը, Լեւոն Արոնյանը եւ ադրբեջանցի Վուգար Գաշիմովը, որը սեւերով հաղթեց իսպանացի Ֆրանցիսկո Վալյեխոյին: Այդ իսկ պատճառով 6-րդ տուրում առավել սկզբունքային կլինի Գրիշչուկ - Արոնյան մրցամարտը: