Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀԿ-ները, անկախ ֆինանսավորման հանրային կամ մասնավոր լինելուց, պետք է հաշվետվություն ներկայացնեն (տեսանյութ)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է, որ հասարակական կազմակերպությունները անկախ ֆինանսավորման հանրային կամ մասնավոր լինելուց, պետք է գործունեության տարեկան հաշվետվություն ներկայացնեն։

Տարեկան հաշվետվությունը ներառում է բազմաթիվ պահանջներ, որոնց համաձայն՝ ՀԿ-ն պետք է ներկայացնի լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը եւ պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում),գործադիր մարմնի ղեկավարի անունը եւ պաշտոնը, կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան եւ նպատակները, կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ), հաշվետու տարվա ընթացքում ժողովի իրականացված նիստերի քանակը, հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը եւ համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ), տարեկան մուտքերի (դրամական եւ/կամ գույքային) ընդհանուր գումարը,օգտագործված դրամական միջոցները եւ/կամ շարժական, անշարժ գույքը, հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի եւ դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը:

Նախագիծը լրամշակվել է։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն առաջարկել է, որպեսզի ՀԿ-ներն իրենց գտնվելու վայրը հրապարակեն, եթե ՀԿ-ն նման նշում արել է։ Առաջարկն ընդունվել է։ Բացի այդ, պատգամավորն առաջարկել է կազմակերպության կամավորների թիվը հրապարակել ոչ թե հաշվետու ժամանակաշրջանին՝ դեկտեմբերի 31-ին, այլ հաշվետու տարվա ընթացքում։

Այս առաջարկը նույնպես ընդունվել է։