Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (3)
A A
Քաղաքականություն Հասարակություն

Նախ հասկանանք՝ ի՞նչն են իրենք համարում անհարգալից վերաբերմունք. Խուդոյանը՝ ԲԴԽ-ի բողոքի մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասում է՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշում կա, որով նախատեսվում է, որ եթե դատավորը երկար ժամանակ չի կարող գործը քննել, պետք է գործը մակագրվի այլ դատավորի:

«Չորս օր պատասխան չկար, հետո պատասխան ստացա, որ գործը Աննա Դանիբեկյանի վարույթում է, և ինքն էլ պետք է քննի»,- ասաց նա «Ա1+»-ի հետ զրույցում։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը հրաժարվեց մակագրել այլ դատավորի։

Փաստաբանը նշում է, որ դատարանի ներկայացրած պատասխանում նշված չէ, թե դատավոր Աննա Դանիբեկյանը ի՞նչ պատճառով է բացակայում և ե՞րբ է վերադառնալու:

«Փաստորեն, եթե մեկ ամիս էլ նա նիստ չնշանակեց, նշանակում է՝ բոլորը պետք է նստեն, սպասեն, թե ինքը ե՞րբ է վերադառնալու: Եթե դատավորը առողջական խնդիր ունի և երկար ժամանակ բացակայելու է, այդպիսի դեպքերի համար օրենքը նախատեսում է, որ գործը մակագրվի այլ դատավորի, մինչև դատավորը արձակուրդից վերադառնա: Սակայն մեզ չեն տեղեկացնում, թե երբ է դատավորը վերադառնալու, և հաջորդ նիստը երբ է լինելու: Դա կարող է լինել մյուս շաբաթ, կամ երկու ամսից»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմել էր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ 2020 թ-ի մարտի 17-ին նշանակված  դատավորի վատառողջ լինելու պատճառով չկայացած Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում փաստաբանների կողմից դրսևորած վարքագծի առնչությամբ: 

Հովհաննես Խուդոյանը, անդրադառնալով ԲԴԽ-ի կողմից  ներկայացված բողոքին, նշեց, որ եթե վարույթ ներկայացվի, այդ ժամանակ իրենք իրենց դիրքորոշումը հրապարակայնորեն կներկայացնեն:

«Շատ հարցեր կան, բավականին անհստակ ձևակերպումներ կան, նախ պետք է հասկանանք՝ ի՞նչն են իրենք համարում անհարգալից վերաբերմունք, որպեսզի կարողանանք մեկնաբանել՝ դա անհարգալից էր, թե ոչ: Մենք ներկայացել էինք դատարան, որ տեղեկատվություն ստանայինք՝ հաջորդ նիստը երբ է լինելու: Որովհետև եթե անձը շնչառական հիվանդություն ունի և չի ներկայանում, մեկ բան է և մեկ այլ բան՝ երբ անձը վիրահատվել է: Հետագայում  բացահայտվեց, որ դատավորը վիրահատվել է: Մենք ուզում էինք ինֆորմացիա ստանալ, թե ինչ պատճառով է նիստը հետաձգվում, և երբ է հաջորդ նիստը նշանակվելու»:

Հարցին, որ Փաստաբանների պալատի կողմից Արդարադատության նախարարությանն առաջարկվել է դատականի նիստերը իրականացնել տեսակապի միջոցով, ապա փաստաբանը նշեց, որ տվյալ դատավարությունը ինքը դժվար է պատկերացնում այդ ձևաչափով, քանի որ մասնակիցները շատ են: Սակայն տեխնիկական հագեցվածության պարագայում գուցե հնարավոր դառնա։