Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ուսանողների նախաձեռնությունը․ ինֆոքարտեր՝  հատուկ արտակարգ դրության օրերին

Արդեն մի քանի օր է՝  տարբեր սոցիալական ցանցերում  շրջանառվում են ինֆորմացիոն քարտեր, որոնք  հակիրճ և գունազարդ կերպով ներկայացնում են  տեղեկատվություն, ինչն  օգտակար կլինի քաղաքացիներին Արտակարգ դրության օրերին։

Ինֆոքարտերի  հեղինակները ԵՊՀ-ի ուսանողներ են՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետից  Լևոն Առաքելյանն ու Աշխարհագրության և երկրաբանության ֆակուտետից Համազասպ Ավետիսյանը։

«Միտքը ծագեց, երբ տեսանք, որ յուրաքանչյուր օգտատեր իր անհատական էջում որոշակի օգտակար ինֆորմացիա է տալիս, բայց դա հասանելի է հանրության միայն ստվար զանգվածի  համար։ Ուստի  որոշեցինք համակարգել տեղեկատվությունը, ամփոփել ,  տալ ավելի ժամանակակից տեսք և տարածել»,- մանրամասնում է Լևոն Առաքելյանը։

  Առաջին ինֆորմացիոն քարտի մեջ ներառված էին առաքման ծառայություններ մատուցող ընկերությունները:

«Տեսնելով խանութների եռուզեռը՝ որոշեցինք առաքման ընկերությունների տվյալները ամփոփել մեկ ինֆոքարտում, որը նաև կօգնի մարդկանց հաճախակի տանից դուրս չգալ և օգտվել ծառայություններից»,- նշում է Լևոն Առաքելյանը։

  Ինֆորմացիայի տեղատարափի մեջ շատ հաճախ աչքից վրիպում է կարեւոր տեղեկատվությունը: «Մենք կարևոր ինֆորմացիան վերցնում ենք և սարքում ինֆո քարտը»,-շարունակում է Համազասպ Ավետիսյանը:

Ինֆոքարտերի շրջանառությունը  Ֆեյսբուքում զարմացրել է հեղինակներին։  «Լսարանի արձագանքը հաճելիորեն զամացնող էր, առաջին նկարները ունեցան 100-ից ավել share թե անձնական էջերում ,թե խմբերում, և  ինֆորմացիան վստահաբար հասավ բազմաթիվ մարդկանց, որոնք ուղղակիորեն կարող էին չտիրապետել նման ինֆորմացիայի»,- հայտնում է Լևոն Առաքելյանը:

Ինֆորմացիոն քարտերի համահեղինակ Համազասպ Ավետիսյանը նշում է, որ սա այն դեպքն է , երբ թիրախային խումբը շատ լայն է, և քարտերը ստեղծված են բոլորի համար:

«Խուճապային իրավիճակներից որևէ մեկս ապահովագրված չենք, իսկ նմանատիպ իրավիճակներում վարքագծային փոփոխություններն ակնհայտ են և նման քարտերը գալիս են հերթական անգամ ասելու՝ խուճապի կարիք չկա ու նման իրավիճակներում էլ կան ելքեր»,- նշում է Համազասպ Ավետիսյանը:

Նա նշում է ՝ չգիտեն՝ ինչպես կզարգանա գաղափարը հետագայում, գուցե շարունակեն ձեւաչափը նաև արտակարգ իրավիճակից հետո, բայց փաստում են, որ ցանկությունը եղել է մեկը՝ իրենց կողմից փոքրիկ աջակցություն այս իրավիճակում: