Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հարյուրից ավելի քաղաքացիների հայցը՝ ընդդեմ Մարինա Խաչատրյանի. ինչպե՞ս է նա արձագանքում Ստյոպա Սաֆարյանին

Քաղաքացիները դատարան են դիմելու՝ կապված «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառման հետ։ 

Հանրային խորհրդի նախագահ Ստյպա Սաֆարյանը նշում է՝ գրառումը վիրավորում է Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցներին:

Սաֆարյանն ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն էր արել՝

««Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի դեմ՝ յուրաքանչյուրը 5,000,000 դրամի փոխհատուցման պահանջով»։

«Ա1+»-ի հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց՝ խմբի համակարգումն ինքն է իրականացնելու: Տեղեկացրեց, որ այս պահին իրեն դիմել են 100-ից ավելի քաղաքացիներ, ովքեր ցանկանում են Խաչատրյանի դեմ հայց ներկայացնել:

«Եթե ես շատ ավելի մեծ հնարավորություններ ունեմ ինքս ինձ պաշտպանելու,  սովորական քաղաքացիների դեպքում այդպես չէ: Հասկացա, որ պետք է կազմակերպչական առումով օգնեմ, այժմ ձևավորվել է ֆեյսբուքյան խումբ, որտեղ մարդիկ անդամակցում են, շուտով կտեղադրվի հայցադիմումի օրինակը, և մարդիկ կներկայացնեն դատական հայցեր»:

Սաֆարյանը վստահեցրեց՝  շատ դիմումներ է ստացել արտասահմանից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերից․ քաղաքացիները հետաքրքվում են՝ կարո՞ղ են իրենց կողմից դատական հայց ներկայացնել ընդդեմ Խաչատրյանի: 

Նրա պնդմամբ՝ դիմումները այս պահին 100-ից ավելի են:

«Ցանկացած հասարակական, քաղաքական գործիչ պիտի հասկանա իր սոցիալական պատասխանատվության չափը, եթե  նա չի հասկանում, արդեն ազգովի պիտի հասկացնենք նրան: Ճիշտ այնպես, ինչպես ինքն է ուրիշից ժամանակ խլում, այ հիմա ինքը դատարաններից տուն չի գնա, որովհետև հարյուրավոր հայցադիմումներ կներկայացվեն իր դեմ»:

Քաղաքացիների կողմից դատարան դիմելու վերաբերյալ «Ա1+»-ը զրուցեց նաև Մարինա Խաչատրյանի հետ, ով պնդեց, որ որևէ բանից չի վախենում, պատասխանատու է իր ասածների և արածների համար, իսկ դատարան դիմելը քաղաքացիների իրավունքն է.

«Ես հետ չեմ կանգնում իմ որևէ խոսքից կամ գործողությունից, եթե այդ մարդիկ տեսել են իրենց այդ ցանկում, ապա իրենք են իրենց գնահատական տվել, ես որևէ անուն չեմ հնչեցրել , ուստի մեղավոր չեմ, որ իրենք իրենց դասել են այդ շարքին»:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է գրավոր դիմել ՀՀ ոստիկանապետին, քանի որ կարծում է, որ Խաչատրյանը գումարների  շորթման տեխնոլոգիա է կիրառում.

«Նա  այս կամ այն քաղաքական, պետական գործչի հասցեին  զրպարտիչ կամ վիրավորական հայտարարություններ է անում, և երբ նրան  էմոցիանալ կամ ոչ էմոցիանալ պատասխանում են, նա դիմում է դատարան և գումարներ է պահանջում․ սա գումար շորթելու տարբերակ է»,-պնդում է Սաֆարյանը:

Սրա վերաբերյալ Խաչատրյանն ասաց.

«Թող դիմի, ես էլ կորոշեմ զրպարտության համար հերթական հայցը ներկայացնեմ, թե ոչ, ես չեմ կարող որոշել իր փոխարեն, իր որոշելիքն է և իր ցանկացած քայլի համար պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե խախտում է օրենքը»:

«Ա1+»-ը Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց նաև, թե իրատեսակա՞ն է համարում, որ դատարանները վարույթ կընդունեն և կբավարարեն քաղաքացիների ներկայացրած հայցադիմումները.

«Եթե Մարինա Խաչատրյանի հայցերը ուզում են բավարարել, այս հայցերը ևս պետք է բավարարեն, քանի որ շատ դեպքերում նրա հայցերը անհիմն են և բավարարման ոչ ենթակա»:

Նշենք նաեւ, որ Սաֆարյանը իր էջում մասնավորապես գրել էր, որ վերջին  հայցը Մարինա Խաչատրյանը ներկայացրել է «ՀՀ ազգային վերահսկողության Դուխով մարտիկներ» նախաձեռնության հիմնադիր Արայիկ Հովհաննիսյանի դեմ՝ 2,000,000 դրամի պահանջով: Հայցադիմումից զատ նա  միջնորդություն են ներկայացրել նաև պատասխանողի գույքի վրա այդ չափի արգելանք դնելու պահանջով, ինչը դատարանը բավարարել է: