Բացել լրահոսը Փակել լրահոսը
670d67f2452d443a2cea10d0f5e2f4c3
A A
Մարզեր

Գեղարքունիքի մարզում փակվել են մեկ խոշոր առևտրի կենտրոն եւ մեկ կիրակնօրյա տոնավաճառ

Ներքին Գետաշենում յուրաքանչյուր կիրակի բացվում էր մեծ տոնավաճառ: Գեղարքունիքի մարզպետարանի տարածքային վարչության պետ Վանիկ Հարությունյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պտուղ-բանջարեղենը ներկրվում է Արարատից և Էջմիածնից,  տնտեսվարող սուբյեկտի հետ որոշել են դադարեցնել տոնավաճառի գործունեությունը։

Հարությունյանի փոխանցմամբ՝ մարզի այլ քաղաքներում ևս գործում են ավելի փոքր մասշտաբի տոնավաճառներ, սրանց պարագայում փակվելու որոշում չի կայացվել, բայց տնտեսվարողները պարտավոր են աշխատողներին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, ձեռնոցներով, ինչպես նաև ախտահանիչ նյութերով և ջերմաչափումով՝ համապատասխան բուժանձնակազմի ներկայությամբ:

Այդուամենայնիվ, մարզպետարանի աշխատակիցը վստահեցնում է, որ  տոնավաճառներ այցելությունները շատ քիչ են:

Ինչ վերաբերում է խոշոր առևտրի կենտրոններին, ասում է, որ միայն մեկ խոշոր առևտրի կենտոն է գործել մարզում, մասնավորապես՝մարզկենտորն Գավառ քաղաքում, պարետի ցուցումներին համապատասխան՝ տնտեսվարողի հետ քննարկումների արդյունքում այսօր որոշում է կայացվել փակել այն։ Նա նշեց նաեւ, որ առևտրային շարժը եղել է շատ ցածր:

Հարությունյանը փոխանցեց, որ մանր առևտրային կենտրոնները մարզում շարունակում են աշխատել բնականոն հունով.

«Մանր հագուստի կետերը պիտի աշխատեն, այնպես չէ, որ կորոնավիրուսից կյանքը մեռավ, մեր մարզը ապահով է այս պահին, որևէ դեպք մարզում չունենք»:

Հարցին, թե հետևո՞ւմ է մարզի բնակչությունը պարետատան ցուցումներին, Հարությունյանը վստահեցրեց, որ հետևում են.

«Հանրային միջոցառումները մարզում սահմանափակվել են, խոսքը հարսանիքների, կնունք-ծնունդների մասին է, թաղման արարողությունները ևս որոշակիորեն սահմանափակվել են»:

Տեղեկացրեց նաև, որ մարզպետի հանձնարարականով ձևավորվել են մոնիթորինգի խմբեր,  որոնք մարզի տարբեր բնակավայրերում իրականացնում են մշտադիտարկում, ստուգում են՝ կա՞ն արդյոք թանկացումներ կամ պարենային դեֆիցիտ.

«Չնչին բաներ են, որ փոքր-ինչ պակասել են խանութներից, խոսքը ձավարեղենի, մակարոնեղենի մասին է, որոնք փոքր-ինչ նվազել էին սկզբնական օրերի մեծ ծավալի գնումների հետևանքով, հիմա դեֆիցիտ չկա, բայց օրինակ ձուն 5-10 դրամ թանկացել է, հնարավոր դեֆիցիտի դեպքում էլ  արագ համալրվում են ապրանքները»:

Վանիկ Հարությունյանը վստահեցրեց, որ մարզում իրավիճակը կայուն է: