Հետապնդողների մեջ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում ներկայումս ընթանում է կայծակնային շախմատի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը, որի ժամանակ ի հայտ կգան այն 6 երջանիկները, որոնք իրավունք կնվաճեն մասնակցելու այս տարվա նոյեմբերին նույն Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են «Աերոֆլոտ օփենի» ուժեղագույների խմբին մասնակցած մեր 6 շախմատիստները (Արման Փաշիկյան, Գաբրիել Սարգսյան, Զավեն Անդրիասյան, Հրանտ Մելքումյան, Տիգրան Քոթանջյան, Դավիթ Գ. Պետրոսյան) եւ մասնակցության համար 300 եվրո վճարում կատարած Հրայր Սիմոնյանը:
Առաջնության մասնակիցները շվեյցարական մրցակարգով կանցկացնեն 9 տուր, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է երկու պարտիայից: Արդեն կայացած 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է չինացի Բու Քսիանջին, որը 12 հնարավորից վաստակել է 10 միավոր:
Մեր շախմատիստները, ցավոք, դարձյալ անկայուն են հանդես գալիս եւ արդեն բավական ետ են մնացել առաջատարից: Արման Փաշիկյանն իր ակտիվում ունի 7,5 միավոր, Գաբրիել Սարգսյանը` 7, Հրանտ Մելքումյանը` 6,5, Զավեն Անդրիասյանը` 5,5, Հրայր Սիմոնյանը` 5, Դավիթ Գ. Պետրոսյանը` 4, Տիգրան Քոթանջյանը` 3,5:
Բաղձալի ուղեգիր նվաճելու համար մեր շախմատիստները (հիմնականում առաջին եռյակը) մնացած երեք տուրերում այլեւս իրավունք չունեն սայթաքելու: