Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (1)
A A
Պաշտոնական

Համաճարակի քողի տակ Արցախում մաֆիան փորձում է վերարտադրվել․ «Սասնա ծռեր» (տեսանյութ)

«Սասնա ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Երկրում կորոնավիրուսի տարածումը կարելի է ասել ստվերել է այն խայտառակ պրոցեսները, որոնք վերջին օրերին տեղի են ունենում Արցախում:

Պաշտոնական Երևանի կրավորական կեցվածքի պատճառով Արցախի մարզը փաստորեն մնացել է բախտի քմահաճույքին, որտեղ թելադրողի դերում շարունակում են մնալ հանցագործներն ու թալանչիները, 5-րդ շարասյան կամակատարները:

Քարոզարշավն այստեղ ուղեկցվում է Սերժ Սարգսյանի իշխանությանը բնորոշ բռնություններով ու անօրինական խայտառակ գործողություններով: Այստեղ ամենևին էլ խոսքը քարոզարշավի անհավասար պայմանների մասին չէ, այլ այն հանցագործ քաղաքականության, որով մինչ օրս ճնշում, վախեցնում են ժողովրդի արդար ձայնը:

Հասարակությունն օրերս ականատեսը եղավ, թե ինչպես են ոստիկանական ուժերը բռնությամբ , ապօրինի կերպով ձերբակալում Բակո Սահակյանի և Ստեփանակերտի ռեժիմի հրաժարականը պահանջող, ընտրություններին նախկինների մասնակցությունը մերժող Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչներին, ովքեր քարոզարշավի շրջանակներում ավտոերթ էին իրականացնում Ստեփանակերտում՝ բարձրաձայնելով Արցախի մարզում թալանի, կաշառակերության, և այն հանցավոր երևույթների մասին, որոնց հետևում կանգնած են այսօրվա ընտրություն կոչված գործընթացին մասնակից քաղաքական ուժերի և թեկնածուների մեծ մասը: Իրավիճակը լարվեց նաև այն ժամանակ, երբ նույն կուսակցության ներկայացուցիչները որոշեցին քարոզարշավի շրջանակներում ուղևորվել Մարտունի քաղաք:

Մուտքի մոտ նրանք հանդիպեցին նախկին վարչապետ, ներկայումս նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկերոջ՝ Մարտունու քաղաքապետի և վերջինիս շրջապատի դիմադրությանը: Վերջիններս փակել էին Մարտունի տանող ճանապարհը՝ արգելելով Հեղափոխական կուսակցության ներկայացուցիչների քարոզարշավը Մարտունիում: Այս անօրինական, թայֆայական գործողությունները, ինչպես և սպասելի էր անպատիժ են մնում:

Այդպես եղել է միշտ, քանի որ Արցախում իրավապահ մարմինները ծառայում են նախկին հանցավոր ռեժիմի ստեփանակերտյան մասնաճյուղին, որը խուսափեց անգամ կատարվածին որեւէ գնահատական տալուց:

Շատ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որևէ արձագանք չի տալիս այս բացահայտ ապօրինությանը և բռնություններին։ Այս օրերին հասարակությունն անգամ որեվէ քննադատական խոսք, դատապարտող որեվէ հայտարարություն չլսեց արցախյան հանցավոր դեպքերի հետ կապված: Իսկ դա ակնհայտորեն բերելու է Արցախում մաֆիայի վերարտադրության և Արցախը մայր հայրենիքից անջատելու ծրագրի իրագործմանը»։