Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Հրանտ Բագրատյանի նման մարդու, պրոֆեսիոնալի  գրառումը լրատվամիջոցից հանել են տալիս». Ինչպես դուրս կգա այս իրավիճակից մամուլը

Թերթի կրպակ ավելի շատ ծխախոտի համար են գալիս

Արտակարգ դրության օրերին թերթ գնողների թիվը պակասել է։

Երևանի Հարավարևմտյան թաղամասում գտնվող կրպակներից մեկի աշխատողն ասաց, որ մոտ 80%-ով թերթ գնողների թիվը նվազել է։ Ըստ կրպակի վաճառողուհի տիկին Սիլվայի՝ թերթ գնողները հիմնականում տարեցներն էին, որոնք հիմա երևի վախից դուրս չեն գալիս։

Կրպակը գրեթե ամեն օր վերադարձ է կատարում։ Իսկ կրպակի մյուս ապրանքները վաճառվո՞ւմ են, հետաքրքրվեցինք, պատասխանը եղավ՝ ծխախոտ գնողների պակաս չկա։

Կրպակի ղեկավարությունը աշխատակիցներին տրամադրել է թե՛ բժշկական դիմակներ ու ձեռնոցներ, թե՛ ախտահանիչ հեղուկներ։ Բայց տիկին Սիլվան դրանցից ոչ մեկը չէր կրում։ Պատճառաբանեց, թե շատ անհարմար է  դրանցով աշխատելը, բացի այդ էլ կրպակը փակ տարածք է։ Ինչ վերաբերում է ախտահանող հեղուկին, տիկինն ալկոգել ցույց տվեց, վստահեցրեց՝ օրվա մեջ հաճախ է օգտագործում։

Հետաքրքրվեցինք նաև, թե չի վախեցե՞լ աշխատանքի գալ, շատերն են ինքնամեկուսացվել, տիկին Սիլվան ասաց, որ խուճապի մեջ չէ։ Հաճախորդների շրջանում էլ նա խուճապ չի նկատել, շուրջ բոլորը առևտրի կենտրոններ են։ Ասում է՝ սկզբի օրերին մարդիկ  շատ էին մտնում առևտրի կենտրոններ, բայց հիմա ամեն ինչ բնականոն հունով է ընթանում։   

Մեկ այլ կրպակի աշխատակից անտեղին համարեց մեր  հարցը, թե թերթեր գնողների թիվը նվազե՞լ է։ Ասաց․

«Պա՞րզ է չէ, որ նվազել է»։

Աշխատանքի գալ-չգալու մասին էլ չի մտածել, այլ ճար չուներ, պետք է գար։  

Խմբագիրներն՝  իրենց աշխատանքի մասին

«168 ժամ» թերթը, որը շաբաթական երեք անգամ է լույս տեսնում, մարտի 16-ից,  երբ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, այլևս չի տպագրվում։  Մեզ հետ զրույցում թերթի գլխավոր խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ  դա հիմնականում պայմանավորված է  արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ների գործունեության սահմանափակմամբ։ «Այս օրերին հազիվ առցանց մամուլն ու հեռուստաընկերություններն են դիմակայում, ուր մնաց տպագիր մամուլը»,- նշեց նա։

 ԶԼՄ-ներն այս շրջանում, ըստ տիկին Սեյրանյանի, անորոշ պայմաններում են աշխատում, ոչ մի  այլընտրանքային ինֆորմացիա չկա։ Բնականաբար, սա  լրագրողական համայնքի «սրտով» չէ։

«Հրանտ Բագրատյանի նման մարդու, պրոֆեսիոնալի  գրառումը լրատվամիջոցից հանել են տալիս, իրենց կիսապրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ ինչ-որ նորանշանակներ կարող են վեր կենալ ինչ-որ ելույթներ ունենալ, բայց ասենք՝ եթե մասնագետը խոսում է՝ պետք է հանել, խուճապ է առաջացնում։ Այս պայմաններում ո՞նց աշխատենք»,-ընդգծեց Սաթիկ Սեյրանյանը։

Թե ե՞րբ կսկսվի նորից տպագրվել «168 ժամ» թերթը, գլխավոր խմբագիրը դժվարացավ ասել, բայց չբացառեց, որ մինչև արտակարգ դրության ավարտը հնարավոր է թերթը տպագրվի, կախված է պարետ Տիգրան Ավինյանից։

«Ժուռնալիստների միության նախաձեռնությմաբ խմբագիրները դիմել են պարետ Տիգրան Ավինյանին, պարզաբանումներ ստանալու կապակցությամբ, ևս 2 օր  կսպասենք, եթե չպատասխանեն մեդիաները, կարծում եմ,  քայլեր կձեռնարկեն»,- ընդգծեց նա։

«Հրապարակ» օրաթերթի տպաքանակը այս օրերի ընթացքում չի փոխվել։ Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ այս օրերի  վաճառքի թվեր չունի, բայց ենթադրում է, որ որոշ չափով պակասած կլինի։  Փոխարենը, թերթի էլեկտրոնային կայքի այցելություններն են աճել մոտ 6-7 անգամ։

«Այնպես որ մենք ընթերցողների կորուստ մեծ հաշվով չենք ունեցել, եթե չասեմ հակառակը՝ այսպիսի դեպքերում հետաքրքրությունը միշտ մամուլի նկատմամբ մեծանում է»,- ասաց տիկին Օհանյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի տպաքանակը ևս պահպանվել է։ Թերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի դիտարկմամբ՝ այս օրերին մտահոգություն  ունեցել են, որ իրավիճակով պայմանավորված քաղաքացիները բնակարաններից դուրս չեն գա, թերթ չեն առնի,  և արդյո՞ք նպատակահարմար է  այս շրջանում թերթը տպել, բայց անգամ արտակարգ դրությունից չեն վախեցել ու  որոշել են մասնագիտական գործունեությունը շարունակել՝ հանրությանը ինֆորմացիա տրամադրել։ Այս ընթացքում իրավիճակով պայմանավորված խմբագրություն զանգերը կրկնապատկվել, եռապատկվել են։

«Արդյունքում ունենք բավականին ոգևորիչ իրավիճակ, քաղաքացիների մոտ ավելի շատ հարցեր են առաջացել՝ կլինի կորոնավիրուսի, թե այլ իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր, երբ աշխատանքի էր գնում, 5-ից ավելի մարդ խմբագրություն էին զանգահարել՝ բաժանորդագրվելու համար, որպեսզի թերթերն առաքվեն իրենց տները»,- ասաց Քնար Մանուկյանը։

Հարցին, թե արտակարգ դրության պայմաններում, եթե թերթի վաճառքը չապահովվի, հնարավո՞ր է տպաքանակը պակասեցնեն, Քնար Մանուկյանը հստակ պատասխան տալ չկարողացավ,  իրավիճակից կախված որոշում կկայացնեն, և եթե անհրաժեշտ լինի, ապա  հրապարակային հայտարարություն կանեն։ 

 «Հայկական ժամանակ» օրաթերթից էլ փոխանցեցին, որ թերթի իրացման ծավալների վրա դրա ազդեցությունը (լինի դրական կամ բացասական) գնահատել դեռևս չեն կարող, որովհետև համապատասխան տվյալները ստանում են մեկամսյա պարբերականությամբ։

«Բայց արտակարգ դրության ազդեցությունը մեզ նույնպես հետաքրքիր է, և թերթի մատակարարների հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել վաճառքի վիճակագրությունը ստանալ արտակարգ դրություն հայտարարվելուց գոնե երկու շաբաթ հետո։ Դա կլինի հաջորդ շաբաթվա վերջին»,- «Ա1+»-ին ասացին «Հայկական ժամանակ»-ից։

Այս օրերին թերթի էլեկտրոնային կայքի այցելություններն ակնհայտ ավելացել են։ Դիտումների թիվը աճում է, հիմա եռակի ավելի է, քան եղել է մինչև արտակարգ դրությունը։