Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1584644947302
A A
Տնտեսություն

Հայաստանն իզոլացված է արտաքին տնտեսական տատանումներից․ բենզինի գինն էականորեն չի կարող փոփոխվել․ Վահե Դավթյան

Նավթի շուկայում իրավիճակը վերջին օրերին կայուն չէ։  

«Ա1+»-ը զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի հետ։

Հիմա ի՞նչ իրավիճակ է նավթի շուկայում, ի՞նչ ազդեցություն է ունենում Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի վրա։ 

Նմանատիպ իրավիճակ մենք ունեցել ենք 2001-02 թթ., երբ բրենտ տեսակի նավթի գինը համաշխարհային շուկայում նվազել էր՝ հասնելով 20-22 դոլարի: Վերջին օրերին գինը տատանվում է 26-30 դոլար սահմաններում, ու ամենայն հավանականությամբ մոտակա շաբաթների ընթացքում այն կշարունակի նվազել։ Կարծում եմ, որ համաշխարհային նավթի շուկայում մեծ ցնցում կարելի է սպասել ապրիլի 1-ից հետո, երբ «ՕՊԵԿ պլյուս» (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն – հեղ.) երկրների՝ 2016 թվականից գործող համաձայնագիրը, որը սահմանում է նավթի արդյունահանման քվոտաներն ու ծավալներն անդամ պետությունների համար, կդադարի գործել։ Ռուսաստանը, ինչպես գիտենք, մարտին դուրս եկավ այդ համաձայնագրից, և նրա բացակայության պայմաններում այդ պայմանագիրը չի շարունակվելու։ Ուստի կարող ենք ակնկալել նավթի գնի անկում 20 դոլարից էլ ցածր։ Միջազգային բորսաներում, ֆոնդային շուկաներում մենք տեսնելու ենք 30-40 տոկոսի չափով անկում։ Այս ամեն պայմանավորված է կորոնավիրուսով, որի ստեղծեց մի իրավիճակ, որ համաշխարհային շուկայում թե՛ օդային, թե՛ ցամաքային տրանսպորտային միջոցների շահագործումն էապես կրճատվել է, ըստ որոշ գնահատականների կրճատումը հասնում է 70 տոկոսի։ Հետևաբար, նավթի առաջարկը գերազանցում է առկա պահանջարկը։ 2020 թվականին մենք կարող ենք ականատես լինել գլոբալ տնտեսության լուրջ փոխակերպումների, ինչն էլ իր հերթին բերելու է լրջագույն աշխարհաքաղաքական վերադասավորումների:

Ակնկալել, որ սա կարճաժամկետ ժամանակահատվածում կարող է խորքային տնտեսական ճգնաժամ ստեղծել Ռուսաստանի համար, պետք չէ, որովհետև Ռուսաստանը վերջին տարիներին բավականին ակտիվորեն աշխատում էր իր ռեզերվային ֆոնդի զարգացման ուղղությամբ ՝ դրա միջոցները հասցնելով 125 միլիարդ դոլարի, որն առաջիկա 5 տարիների ընթացքում Ռուսաստանի համար քիչ թե շատ կարող է ապահովել տնտեսական կայունություն։ Իհարկե սա չի նշանակում, որ այդ ամբողջ գումարն ուղղվելու է հակաճգնաժամային միջոցառումներին, սա ուղղակի անվտանգության բարձիկ է, որը թույլ չի տա Ռուսաստանին հայտնվել խորը ճգնաժամի պայմաններում։ Միաժամանակ կարող են լինել ներքին վերադասավորումներ, և ռուսական բյուջետային քաղաքականությունը որոշակի խմբագրումների ենթարկվի։ Այս ամենում Ռուսաստանն ունի նաև առավելություն. դա արդյունահանվող նավթի ինքնարժեքն է, իսկ ցածր ինքնարժեքով նավթ ունենալը թույլ է տալիս մանևրել։ Ներկայումս Ռուսաստանը պատրաստ է դիմակայել մեկ բարելի դիմաց 25 դոլարի: Այնուամենայնիվ ստեղծված իրավիճակում Ռուսաստանում կընկնի գնողունակությունը ռուբլու դևալվացիայի հետևանքով, և սա իր հերթին կարող է անդրադառնալ Հայաստանի վրա։

 Առաջին. գյուղմթերքի արտահանման առումով Ռուսաստանը մեզ համար առանցքային ուղղությունն է, և հայ արտահանողները կկորցնեն իրենց մրցունակությունը։ Երկրորդը. էապես կկրճատվեն Ռուսաստանից ուղղվող մասնավոր տրանսֆերները, իսկ Հայաստանի ՀՆԱ-ի կառուցվածքում դրանք կազմում են մոտավորապես 15 տոկոս։ Երրորդ. նավթի հետ կապված այս իրավիճակն ազդում է նաև գունավոր մետաղների համաշխարհային շուկայի վրա և Հայաստանն այստեղ նույնպես դիրքեր ունի որպես գունավոր մետաղ արտահանող պետություն, մասնավորապես՝ վերջին 10-12 օրվա ընթացքում իջել է պղնձի արժեքը միջազգային շուկայում, իսկ պղինձն ավանդաբար առանցքային տեղ է գրավում Հայաստանի արտահանման կառուցվածքում: Դա էապես կրճատելու է Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, նվազեցնելու է ֆինանսական ներհոսքերը։ 

Աշխարհատնտեսական իմաստով նավթի շուկայում առկա բացասական միտումները մեծ հարված են հասցնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որոնց նավթային արդյունաբերությունը սահմանափակվելու է իր զարգացման մեջ: ՕՊԵԿ պլյուս համաձայնագրից Ռուսաստանի դուրս գալը պայմանավորված էր նրանով, որ այն նավթ արտահանող արաբական երկրների շահերի պրիզմայի միջով իրականաում սպասարկում էր ԱՄՆ գլոբալ էներգետիկ շահերը։ Գործարքի ուժի մեջ լինելու ամբողջ ընթացքում ամերիկյան խոշոր նավթային ընկերություններն ավելացրեցին իրենց շահույթը տարեկան 50-60 մլրդ դոլարով: ԱՄՆ-ի գլոբալ էներգետիկ շահերն ակնհայտ են. ինչպես հիշում ենք, Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն գալուն պես  հայտարարեց, որ մոտակա տարիների ընթացքում պետք է հասնի «ամերիկյան էներգետիկ գերակշռության ոսկե դարաշրջանին»։ Այդ ռազմավարությունը կառուցված էր ԱՄՆ-ից թերթաքարային նավթի արտահանման ծավալների շարունակական ավելացման վրա, որն այս պայմաններում այլևս տնտեսապես նպատակահարմար չէ: Այսինքն, շահելով որպես խոշոր ներկրող՝ ԱՄՆ կորցնում է դիրքերը համաշխարհային շուկայում՝ նվազեցնելով իր աշխարհատնտեսական կշիռը: Միանշանակ չէ իրավիճակը նաև Ռուսաստանի համար, քանի որ նավթի գնանկման հետևանքով սկսված ռուբլու դևալվացիան Ռուսաստանի համար նաև հնարավորություն է ստեղծում զարգացնելու իր արտաքին առևտուրը՝ բարձրացնելով ռուսական ապրանքների մրցունակությունը արտաքին շուկաներում: 

Ինչ վերաբերում Ադրբեջանին, ապա նրա տնտեսական կայունության հիմքում դրված է նավթի մեկ բարելի դիմաց 40 դոլար գինը։ Դրանից ավելի ցածր գինը կարող է Ադրբեջանի համար ստեղծել տնտեսական տուրբուլենտություն, ցնցում, որը կարող է բերել հերթական միլիտարիստական ավանտյուրայի։ Այստեղ մենք կարող ենք զուգահեռներ անցկացնել 2016 թվականի Ապրիլյան դեպքերի հետ (2016-ին ադրբեջանական ուժերը հարձակվեցին Արցախի վրա – հեղ.)։ 2014 թվականին նավթի գինը մի պահ հասել էր 107 դոլարի, 2015-ին ապրում ապրեց՝ հասնելով 40 դոլարի, և 2016-ի սկզբին՝ 25 դոլարի, և ամբողջ գարնան ընթացքում 25-ից 30 դոլարի սահմաններում էր։ Եվ այն լուրջ տնտեսական խնդիրներ ստեղծեց Ադրբեջանի համար, քանի որ ադրբեջանական տնտեսությունը դիվերսիֆիկացված չէ, նավթագազային է իր էությամբ։ Ակնհայտ է, որ նաև նավթային այդ գործոնը դրդեց Ադրբեջանին դիմել 2016 թվականի ավանտյուրային։ Ուստի այս իրավիճակում պետք է ուշադրությունը սևեռել Զինված ուժերի վրա, բերելով դրանց բարձր մարտական պատրաստվածության:

Իրանի մասին: Իրանն առանց այդ էլ տնտեսական ծանր վիճակում է պատժամիջոցների պատճառով։ Ստեղծվել է մի իրավիճակ, որ էապես սահմանափակվել են իրանական նավթի արտահանման ուղիները։ Սրան պետք է գումարել նաև Իրանի ազգային արժույթի՝ ռեալի կտրուկ ու շարունակական անկումը։ Եվ այն ցածր գինը, որ առկա է նավթի շուկայում, հարվածելու է Իրանի տնտեսությանը։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ռուսաստանն այսօր հասել է մի կետի, երբ գազի գինն ուղղակիորեն կախված չէ նավթի գնից, իսկ համաշխարհային շուկայում դրանք ավանդաբար կորելացվում են, այսինքն՝ նավթի գինը միշտ ազդում է գազի գնագոյացման վրա։ Իսկ նույն բանը չենք կարող ասել Իրանի մասին, և նավթի գնի անկումը բացասաբար է ազդելու կապույտ վառելիքի՝ գազի գնագոյացման վրա։

Թուրքիան նավթի որոշակի պաշարներ ունի, բայց ակտիվ խաղացող չէ։ Սակայն Անկարան փորձում է օգտվել այս իրավիճակից։ Ունենալով նավթի վերամշկման գործարաններ, որոնցից մեկը  կառուցվել է ադրբեջանական գումարներով, Թուրքիան մոտ օրերս նախատեսում է էժան գնով նավթի հավելյալ ծավալներ ձեռք բերել համաշխարհային շուկայից իր ռեզերվում պահելու համար՝ բենզին, դիզվառելիք, նավթային մթերք արտադրելու նպատակով։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այն, իհարկե չունի նավթավերամշակման գործարան, սակայն վերջերս ստացանք հետաքրքիր լուրեր, որ Թբիլիսին ակտիվացնում է նավթավերամշակման գործարան կառուցելու ուղղությամբ աշխատանքները: Դա թույլ կտա ավելի ցածր արժեքով նավթամթերք ունենալ։ Ավաղ Հայաստանում չունենք այդպիսի հնարավորություն, թեև ժամանակին եղել է նավթավերամշակման գործարանի  կառուցման հարցը հայ-իրանական օրակարգում։

Այսինքն՝ այստեղ կարո՞ղ են Վրաստանը և Թուրքիան շահո՞ղ դուրս գալ։

Այստեղ պետք չէ հավասարության նշան դնել Թուրքիայի և Վրաստանի միջև։ Որովհետև Վրաստանի դեպքում այս ամենն առայժմ հռետորական բնույթ է կրում, և գործարանի կառուցման համար անհրաժեշտ է մոտ երկու տարի, անգամ արագացված աշխատանքների դեպքում գործարանի կառուցումը 1 տարվա ընթացքում կյանքի չի կոչվի։ Թուրքիայի դեպքում նավթի վերամշակման հզորություններն առկա են, իսկ վերջին գործարանը շահագործման հանձնվեց 2019 թվականին։ Այն պատկանում է ադրբեջանական պետական «Սոկար» ընկերությանը։ Սա բխում է նաև Էրդողանի ներքին քաղաքան շահերից, քանի որ բենզինի ու դիզվառելիքի բարձր գներն այն առանցքային հարցերն են, որոնք վերջին շրջանում ակտիվորեն բարձրացվում են ընդդիմության կողմից:

Այս իրավիճակում Հայաստանն ի՞նչ պետք է անի։

Էապես պետք է դիվերսիֆիկացնել Հայաստանում նավթամթերքի ներկրումը։ Մենք 2013 թվականից պարտավորվել ենք բենզին ներկրել բացառապես ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունից։ Հայաստանի բենզինի շուկայի խոշոր խաղացողները հանդես են գալիս որպես դիստրիբյուտորներ։ Սա նշանակում է, որ շուկայի ներսում ձևավորվում է «կարտելային համաձայնություն», և չկա իրական մրցակցային մթնոլորտ, ուստի կարող ենք ասել, որ Հայաստանն իզոլացված է արտաքին տնտեսական տատանումներից, անգամ նավթային գնանկումից բենզինի գինն էականորեն չի կարող փոփոխվել։ Այսինքն՝ մի կողմից անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել բենզինի ներկրումը, մյուս կողմից աշխատել երկրի ներսում նավթամթերքի շուկայի ազատականացման ուղղությամբ, ինչը նաև Եվրասիական տնտեսական միության իմպերատիվներից մեկն է։ Մենք մտել ենք Եվրասիական տնտեսական միություն՝ պարտավորվելով մինչև 2025 թվականը մաս կազմել նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկայի և որպես ինտեգրվելու կարևորագույն նախապայման դիտարկվում է ներքին շուկայի ազատականացումը։ 

Երկրորդը. Տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում էապես բարձրանում է լարվածությանը աստիճանը: Հայաստանում այսօր կյանքի է կոչվում «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը, որը միտված է միավորելու Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը, բայց ինչպես տեսնում ենք այդ աշխատանքներն ընթանում են բավականին դանդաղ տեմպերով։ Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ օդային գիծը կառուցված է ընդամենը 25-30 տոկոսով, Վրաստանի ուղղությամբ էլ նախատեսվող Դդմաշենի ենթակայանի, ինչպես նաև բարձրավոլտ գծի կառուցումը չեն էլ սկսել։ Վերջերս կառավարությունը հայտարարեց, որ նոր են սկսում մրցութային գործընթացները։ Ինչո՞վ են վտանգավոր այս դանդաղ տեմպերը Հայաստանի համար։ 

Հայաստանի էներգետիկ համակարգն ավելցուկային է, այսինքն՝ մենք ունենք ավելի մեծ էներգետիկ ներուժ, քան իրականում անհրաժեշտ է ներքին պահանջարկը բավարարելու համար: Ուստի այն առավելապես խարսխված է արտահանման սկզբունքի վրա։ Մենք ունենք բավականին բարդ պատկեր այստեղ. և եթե իրանական ուղղությամբ մենք մասամբ պահպանում ենք արտահանման դրական ցուցանիշները՝ 1-1,2 միլիարդ կ/ժ էլեկտրաէներգիա, ապա վրացական ուղղությամբ արտահանումն էապես ընկել է, և 2019-ին այն կազմել է ընդամենը 0 կ/ժ էլեկտրաէներգիա։ Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն ակտիվորեն ամրապնդում է իր դիրքերը վրացական էլեկտրաէներգետիկ շուկայում, միաժամանակ քայլեր ձեռնարկում Իրանի ուղղությամբ։ Մինչդեռ Հայաստանի էներգետիկ հնարավորությունները թույլ են տալիս բարձրացնել ինչ-որ չափով մեր աշխարհաքաղաքական ներուժը։ Ես նաև վերջերս ռուսաստանյան մամուլում հոդվածով էի հանդես եկել՝ առաջարկելով սա կապել Սիրիական ճգնաժամի հանգուցալուծման հետ։ Գիտենք, որ Սիրիայում ներկայումս առկա է էներգետիկ ճգնաժամ, իսկ Ռուսաստանը դիրքավորվում է որպես դրա հանգուցալուծման կարևոր դերակատար: Հաշվի առնելով, որ Ռուսաստանն աշխարհագրորեն հեռու է Սիրիայից, մյուս կողմից ռուսական կապիտալն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի էներգետիկ ոլորտում, Հայաստան-Իրան-Իրաք-Սիրիա էլեկտրաէներգետիկ վոլտային միջանցքը կարող է տեղավորվել Ռուսաստանի այդ աշխարհաքաղաքական կոնստրուկցիայի մեջ՝ բարձրացնելով նաև Երևանի կշիռը տարածաշրջանում։ Բայց այս ամեն պահանջում է լուրջ ռազմավարական մշակումներ։ 2019-ի դեկտեմբերին հրապարակվեց Հայաստանի էներգետիկայի մինչև 2040 թ. զարգացման ծրագրի նախագիծը, որում որևէ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նպատակադրում չկա, միայն խնդիրների հավաքագրում է: